Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբանը աշխատանքային սթրեսից ազատվելու միջոցներ է առաջարկում (Տեսանյութ)

Մայիս 01,2015 17:10

Հայաստանում երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, փորձառության պակասի պատճառով: Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա վստահեցրեց, որ մեր երկրում գործազրկությունը կազմում է 21%:

Ադիբեկյանը նկատեց, որ ԲՈՒՀ-ում սովորողների 75%-ն ավարտելուց հետո աշխատանք չեն կարողանում գտնել, քանի որ գործատուները աշխատանքային փորձի պահանջ են դնում: Մինչդեռ, ըստ Ադիբեկյանի, այլ երկրներում նոր ավարտած մասնագետներին գործատուները որպես «ստաժոր են» վերցնում, որպեսզի աշխատանքի փորձ եւ հմտություն ձեռք բերեն:

Մանրամասները տեսանյութում`

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ էլ, եթե երիտասարդը սոցիալականացված եւ իրատես է, գիտակցում է, որ այսօր մեր երկրում կան տնտեսական խնդիրներ, եւ որոշ հարցեր պետք է կարողանալ ինքնուրույն հաղթահարել, ինքնադրսեւորվել, նա ավելի շուտ է աշխատանք գտնում. «Նման հատկանիշները հոգեբանական հասուն մարդու հատկանիշներ են, իսկ այսօրվա երիտասարդը արդեն ուսանողական տարիներից ցանկանում է աշխատանք գտնել:

Աննա Բադալյանի խոսքերով` աշխատանքը, որպես հոգեբանական երեւույթ, անհրաժեշտ է մարդուն, քանի որ այդպիսով անհատը ոչ միայն գնահատում է իրեն, ներկայանալի է լինում, կայանում եւ զարգանում է, այլեւ կարողանում է որոշակիորեն լուծել իր ներքին խնդիրները, կոնֆլիկտները, սկսում է վերագնահատել իրեն, վերամիավորել իր ուժերը, եւ արդյունքում ստացվում է հոգեբանական դինամիկա:

«Պատահում է, երբ աշխատանքը արդյունավետ չի լինում, բայց երբ մարդը կարողանում է հաղթահարել խնդիրները եւ առաջ գնալ, նշանակում է իր մոտ կամային ճիգերը սկսում են ավելի ամրանալ, արդյունքում մարդը ձեռք է բերում ավելի ամուր կամք»,-նկատեց տիկին Բադալյանը:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ պիտի անեն այն անձինք, որոնք աշխատանքային սթրես են ապրում, հոգեբանն ասաց, որ այդ մարդիկ ինչպես տանն են փոփոխություններ անում, այնպես էլ աշխատավայրում պետք է որոշ փոփոխություններ անեն, իսկ եթե տհաճությամբ է աշխատանքի գնում իր խառնվածքն աշխատանքը չի համապատասխանում, լավ կլինի տվյալ անձը նոր աշխատանք փնտրի, իրեն հոգեհարազատ գործ:

Մանրամասները տեսանյութում`

Aravot.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում, պարզելու` արդյոք նրանք իրենց աշխատանքից հոգեկան բավարարվածություն ունե՞ն, թե` ոչ:

Քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Ինչպես կարող ես բավարարել աշխատանքից, երբ առավոտից իրիկուն տանջվում ես, բայց քո տանջանքի համեմատ չես գնահատվում»:

Քաղաքացի Արման Հովհաննիսյանն էլ ասաց, որ իր համար աշխատանքը առաջին հերթին լրացուցիչ ուժ եւ խթան է, ֆինանսապես եւս բավարարում է, որ իրեն լավ զգա, չնայած փոխարենը իրենից խլում է մեծ էներգիա:

Մեզ հետ զրույցում Մարիան էլ ասաց, որ սկսնակ լրագրող է, չնայած քիչ է վարձատրվում, բայց գոհ է եւ բավարարված, քանի որ, ըստ նրա կարեւորը աշխատանքային փորձ ձեռք բերելն է, ոչ թե գումարի չափը:

Գուրգեն անունով ներկայացած մի տղամարդ էլ ասաց. «Աշխատում եմ լուսացույցների հիմնարկում, որ ասեմ լիովին բավարարում է գործս, սուտ կլինի, որ ասեմ չի բավարարում` էլի սուտ կլինի: Գործընկերներս լավն են, հաճույքով եմ աշխատում, միայն մի քիչ ծանրաբեռնված գործ է, թե չե գումարից եւս չեմ բողոքում»:

Ռուզաննա Մարգարյանն էլ ասաց, որ ինքն աշխատում է բժիշկ-օրդինատորների հետ, սիրում է գործը. «Բայց ցածր աշխատավարձով չես կարող ընտանիքդ լավ պահել»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031