Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում բողոքի էին դուրս եկել հարակից 9 գյուղերի բնակիչները: Նրանք դժգոհում էին կաթնամթերող ընկերությունների սահմանած նոր գներից. Նրանք մայիսի 1-ից նորից որոշել են նվազեցնել առքի գինը, այսուհետ մեկ լիտր կաթի դիմաց գյուղացիներին վճարելով ոչ թե 170 դրամ այլ 150: Սա զայրացել էր գյուղացիներին:
Բերդաշեն գյուղի բնակիչներից մեկը, այս ամենը որակելով որպես արհամարհանք գյուղացիների նկատմամբ, զայրացած բացականչում էր. «Ինչի պառլամենտը գիտի՞, որ էսպիսի գյուղեր կա՞ն…Գալուստ Սահակյանը հեչ եկե՞լ է ստեղ՝ որպես Ազգային ժողովի նախագահ կամ մյուս, մյուսը…Իմ ձայնագրությունը չջնջեք, ես վախենալու ոչինչ չունեմ իրենցից, էս ի՞նչ կատարվում , գյուղացին տանջվի, տանջվի կաթը մի շիշ գնի արժեք էլ չունենա՞, հա՞…
Մենք մեղք չե՞նք, ո՞վ է մեր տերն ու տիրականը, մենք ո՛չ Թուրքիայից ենք, ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Հայաստանից, անկախ երկիր ենք… Վրաստանից եկանք էստեղ ապրելու, բայց հո ստրուկ չե՞նք, կթողնենք , կգնանք, էսպես էլ չի շարունակվի»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս գյուղը սահմանամերձ է Թուրքիային, Վրաստանին, եւ այստեղի բնակիչների մեծ մասը ջավախքահայեր են, տեղափոխվել են ւ Վրաստանից:
Նրանցից մեկն էլ, գյուղը անտերանոց անվանելով, նեղվեց, որ գյուղում գարուն ու ամառ չկա, գոնե կառավարությունը մի հնարավորություն ստեղծի, որ գյուղը չդատարկվի:
Հիշեցնենք, որ այս գյուղում կառուցվեց Արփա լճի ազգային պարկը, որը, ինչպես ոգեւորված ներկայացնում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գյուղը կվերածի հանգստյան գոտու ու տուրիստական կենտրոնի: Մինչդեռ գյուղացիների հավաստմամբ, գյուղը անմարդաբնակ դառնալու վտանգի տակ է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ