Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում ՀՅԴ «Ռուբեն» կոմիտեի անդամները իրազեկման ակցիա էին անում Մայիսի 1-ի առթիվ: Նրանք անցորդներին թռուցիկներ էին բաժանում եւ տեղեկացնում իրենց իրավունքների մասին:
Սակայն 6 ոստիկան մոտենալով ՀՅԴ անդամներին, հորդորեցին անհապաղ ապամոնտաժել այն հովանոցը, որը տեղադրված էր թռուցիկներով սեղանի մոտ:
Կոմիտեի անդամ Մեսրոպ Եսայանն ասաց, որ ով բացել է հովանոցը, տարածքում չէ, իրենք էլ չեն կարողանում փակել: Ոստիկանը, որը չներկայացավ, սկսեց բղավել, որ չե՞ք ենթարկվում մեր պահանջին, արդեն 10 րոպե է՝ սպասում եմ:
Ինչպես հետո պարզաբանեց Մեսրոպ Եսայանը, իրենք դիմել էին քաղաքապետարան եւ տեղեկացրել ակցիայի մասին, ավելին, իրազեկել էին նաեւ, որ տեղադրվելու է հովանոց: Սակայն, պարզվում է, քաղաքապետարանը թույլատրել է տեղադրել 1 ոտանի հովանոց, իսկ ՀՅԴ անդամները տեղադրել էին 4 ոտանի:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ հիմա ի՞նչ տարբերություն՝ հովանոցը 1 ո՞տք ունի, թե՞ 4՝ ոստիկանները չպատասխանեցին՝ ասելով, որ խոչընդոտում ենք իրենց ծառայությանը:
ՀՅԴ անդամները ստիպված ապամոնտաժեցին տարածքից հովանոցը եւ ակցիան իրականացրեցին՝ առանց դրա:
Թռուցիկները բաժանելու ժամանակ մոտեցան «Նաիրիտի» նախկին աշխատակիցները: Նրանք վրդովվեցին, որ Մայիսի 1-ը նախկինում էր տոն, մարդիկ ուրախանում էին, իսկ հիմա, երբ աշխատանք չկա, էլ ի՞նչ Մայիսի 1:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ