Ինչպես արդեն տեղեկացրել ենք,բազմաթիվ տաքսիստներ այսօր՝ Աշխատավորների միջազգային օրը դուրս էին եկել բողոքի ցույցի: Նրանք ոստիկանների հետ երկար բանակցություններից հետո բողոքի ավտոերթ իրականացրին Արցախի փողոցից դեպի «Նաիրիտ», Արշակունյաց պողոտա երթուղով:
Ոստիկանները նրանց թույլ չտվեցին դեպի կենտրոն իրականացնել ավտոերթը՝ պատճառաբանելով, թե մայիսի 1-ի կապակցությամբ այն ուղղությամբ տոնակատարություններ են:
Տաքսու վարորդները հիմնականում դժգոհում էին, թե ինչու են իրենց վրա լրացուցիչ վարձեր դնում, որ վճարեն հաշվիչի, մեքենայի վրայի գովազդի, ԱՊՊԱ-ի, լիցենզիայի և դրանց գումարած՝ նաև ամսական 12 հազար դրամ:
Կարդացեք նաև
Տաքսիստներից Ռազմիկ Պետրոսյանը վրդովված պատմեց, թե 100.000 դրամ վճարել է՝ հոգալով բոլոր պահանջվող ծախսերը, բայց անգամ այդ պարագայում իրեն Գագիկ Բեգլարյանի ստորագրությամբ մերժում է եկել, թե չի կարող մեքենա վարել: Ըստ նրա՝ «քաղաքացու գրպանը մտնելու նոր ձև են գտել»:
Նշենք, որ բողոքի ակցիային ներկա իրավաբանները Aravot.am-ին պատմեցին, թե ձեռքի տակ բազում դեպքեր ունեն, երբ տաքսիստը տեղյակ չի եղել տուգանքի մասին, և 25-ից ավելի տուգանքներ կուտակվել են և հսկայական գումար կազմել: Որոշ տաքսու վարորդներ էլ դժգոհեցին, թե համ կարմիր գծերի համար գումար են վճարում, համ էլ դրանց պատճառով ընկնում են տուգանքների տակ, կամ կանգառներ չկան, ինչի պատճառով կրկին տուգանքներ են «շալակում»:
Լևոն Եղոյանը արդեն հիասթափվել է և բռնել արտագաղթի ճանապարհը. «Դրսում գործերս կազմակերպել եմ, մեկ ամսից ընտանիքով լքում եմ երկիրը: Իրենց տուգանքներին եմ դեմ, հիսուն հազար լիցենզիային եմ դեմ, գնում ենք պետական հիմնարկներ, ասում են տարիքդ անցել է չեն ընդունում, բայց ապրել է չէ՞ պետք: Ինձ ասում են մեքենադ աջ ղեկ է, թույլ չեն տալիս: Ձևը գտել եմ, լքելու եմ երկիրը»:
Aravot.am-ը բողոքի ակցիային ներկա ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մտադիր օգնել տաքսիստներին, նրանց խնդիրները բարձրացնելու՞ է ԱԺ-ում: Նա պատասխանեց. «12 հազար դրամ մուծելու իմաստը ո՞րն է: Բոլոր հարկերը, վարկեր մուծում են, 12 հազար դրամի փոխարեն ոչինչ չեն ստանում. թոշակ, լրացուցիչ ծառայություններ, փաստորեն, այդ մարդիկ լրացուցիչ բեռի տակ են մտել, գումարած բոլոր մյուս բեռերի. ԱՊՊԱ, կարմիր գծեր, արագաչափեր, հաշվիչ, լիցենցիա, տեղական տուրք»:
Արամ Մանուկյանը մտահոգված է, թե այս մարդիկ նման ծախսերի տակից դուրս գալու համար ստիպված առանց հանգստանալու են աշխատում, ուստի «պոտենցիալ հանցագործներ են, կարող են, ասենք, անուշադիր լինել, ղեկին քնել, ինչը հասարակական անվտանգության հարց է»:
Մեր հարցին՝ փաստորեն սա կամայական որոշու՞մ է և այդ ժամանակ ու՞ր էին մեր պատգամավորները, որ հարց չբարձրացրին, պարոն Մանուկյանն արձագանքեց. «Սրանք անկուշտ, անփույթ, անխնա, ագահ մարդկանց որոշումներ են. կթել, կլպել քաղաքացուն: Հո մենակ տաքսիստները չեն. նման վերաբերմունք է նաիրիտցիների, ոսկերիչների, դեղատների, գրքավաճառների, տոնավաճառների աշխատողների նկատմամբ: ՀՀ քաղաքացուն դրել են գիլյոտինի տակ, մորթում են: Ես խնդիրը ուսումնասիրում եմ խորությամբ, ուստի պատրաստ եմ հարցը բարձրացնել նաև խորհրդարանում՝ նայած թե տաքսիստներն ինչ առաջարկներ կունենա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ