Այսօր Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն համայնքում հավաքվել էին շրջակա 9 գյուղերի՝ Ալվարի, Արտենիսի, Գառնառիճի, Ծաղկուտի, Ձորակերտի, Զարիշատի եւ մյուսների բնակիչները՝ դժգոհելով կաթնամթերող ընկերությունների կաթի գինը դարձյալ նվազեցնելու որոշումից:
Ըստ գյուղացիների, կաթնամթերող ընկերությունները դեռեւս 15 օր առաջ իրենց նախազգուշացրել են, որ մայիսի մեկից գյուղացիներից մեկ լիտր կաթը կգնեն ոչ թե 170 դրամով, այլ 150-ով, դեռ մի բան էլ ավելի էժան գնով: «Իրենց կամքն են թելադրում, որը ինչ գին ուզի, էն էլ կասի, մեկը չի սաստում, թե hերիք եղավ, լույսը թանկացել է, գազը թանկացել է, դուք ինչի՞ եք ուզում կաթի գինը նվազեցնել, ոչ մի հիմնավորում չկա:
6 ընկերություններ են, հեչ չենք էլ հիշում անունները, «Բջնին», «Արզնին» խանութներում թանկ-թանկ ծախում են, իսկ կաթը, որն արտադրելու համար էդքան չարչարվում ենք ջրի գնով պիտի տա՞նք: Գիտե՞ք կաթի ինքնարժեքը ինչքան բարձր է, մի երեք տարի հորթ պիտի պահես, խոտ պիտի տաս, գյուղում առաջ 100 տնտեսություն էինք, մնացել ենք 30 տնտեսություն: Դու որ կաթը ձրի ես ուզում, որ առավոտ գնանք խանութ էժան մառոժնի կտեսնե՞ » , -նեղվեց գյուղի տարեցներից մեկը:
Կարդացեք նաև
Գյուղի երիտասարդներից մեկն էլ ասաց, որ կաթնամթերող ընկերություններին էլ կարելի է հասկանալ, ճանապարհները քարուքանդ են, նրանց մեքենաները ջարդուխուրդ են լինում, բայց իրենք էլ ոչինչ չեն կարող անել, քանի որ կաթի գինը անգամ 10 դրամով նվազեցնելու դեպքում` գյուղացին մեծ վնաս կկրի: Արդյունքում ստիպված կլինեն անասուններին սպանդի ենթարկել:
Բողոքող գյուղացիներից մեկն էլ ասաց, որ կաթնամթերող ընկերությունների մեքենաներն այսօր դատարկ են հետ գնացել Ամասիայի գյուղերից, իրենք հրաժարվել են կաթը նրանց առաջարկած գնով վաճառել: Ըստ գյուղացիների, այսօրվա բողոքի ակցիան դադարեցրել են Շիրակի մարզպետի խնդրանքով, որը խոստացել է հարցը կարգավորել մայիսի 4-ին, երբ աշխատանքային օր կլինի: Սակայն, ըստ գյուղացիների, իրենք մայիսի 4-ին նորից ոտքի կելնեն, եթե հարցը չկարգավորվի:
Ըստ նրանց, գյուղացիները շնչահեղձ են լինում, քանի որ վարկերի տակ են, միակ հույսը անասուններն են: Կոնկրետ Բերդաշենում միայն անասնապահությունն է զարգացած:
Բերդաշենի նախկին գյուղապետի ասելով էլ, հերիք չէ կաթի գինը էժանացնում են, մի բան էլ կաթը իրենցից նիսյայով են տանու: Գյուղացիները 10 օր սպասում են, նրանք փողը չեն բերում, ստիպված գումար են ծախսում ու առնվազն երեք անգամ մեքենա վարձելով փնտրում են կաթ մթերողներին: Ըստ նրա, Բերդաշենը Կովկասի ամենացուրտ վայրն է, ու թեեւ հենց այս գյուղում «Արփա լիճ ազգային պարկ ստեղծեցին, բայց, ըստ նրա՝ օգուտն ի՞նչ…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ