Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Անալոգային հեռարձակման ժամկետի երկարացումը կերկարացնի նաեւ մարզային հեռուստատեսությունների կյանքը»

Մայիս 01,2015 15:15

«Կառավարությունը մի օրինագիծ է պատրաստում, որը մոտակա ամիսների ընթացքում կներկայացնի խորհրդարանին, եւ որով անալոգայինը կգործի եւս կես տարի»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում թվայնացման գործընթացին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ այդ կես տարվա ընթացքում կառավարությունը պետք է մի շարք խնդիրներ լուծի օրենսդրության հետ կապված. «Այսինքն՝ եւս մեկ քայլով բարելավի օրենսդրությունը եւ ամենակարեւորը՝ նա պետք է լուծի սոցիալական խնդիրը. Անապահով ընտանիքներին տրամադրի ապակոդավորող սարքեր: Ապրիլի երկրորդ կեսին հայտարարվեց մրցույթ, որպեսզի Հայաստանը ներկրի անհրաժեշտ քանակությամբ ապակոդավորող սարքեր, որոնք որ տրամադրվելու են անապահով ընտանիքներին: Հուսանք, որ իսկապես այդքանը բավարար կլինի, որպեսզի անալոգայինից թվային հեռարձակում անցումը սահուն լինի եւ ոչ մի խնդիր չառաջացնի բնակչության շրջանում»:

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա ժամկետի երկարացումը մարզային հեռուստատեսությունների աշխատանքի վրա, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ ժամկետի երկարացումը կերկարացնի նաեւ մարզային հեռուստատեսությունների կյանքը. «Բացի դա հիմա կառավարությունը նաեւ մեր ջանքերի շնորհիվ ուղիներ է փնտրում, որպեսզի այդ հեռուստաընկերությունները, որոնք 2010 թվականին թվային հեռարձակման համար արտոնագիր չեն ստացել, կարողանան պարզեցված ընթացակարգով ունենալ արտոնագիր եւ շարունակել գործունեությունը կա՛մ թվային ցանցում, կա՛մ՝ արբանյակային, կա՛մ կաբելային հեռարձակման հնարավորությունները օգտագործել: Շատ կարեւոր է, որ լրագրողական կազմակերպությունների նախաձեռնությունների, լոբինգի շնորհիվ իշխանությունները շատ պարզորոշ, հստակ քաղաքական որոշում են ընդունել, որ թվայնացման պատճառով որեւէ հեռուստաընկերություն պետք է չփակվի»:

Հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում տեղի ունեցած քննարկումները, պարոն Մելիքյանը պատասխանեց, որ քննադատորեն է մոտենում դրանց: Նա նկատեց, որ թվայնացման համար տեխնիկապես ամեն ինչ անում են, բայց օրենսդրական եւ սոցիալական հարցերը խիստ կաղում են. «Մենք չորս տարի է ասում ենք, որ այն բաղկացուցիչ մասերը, որոնցից որ այդ գործընթացն է բաղկացած, պետք է զուգահեռաբար իրականացվեին: Չորս տարի գրեթե ոչինչ չարվեց: Տեխնիկական առումով հարցերն, ամենայն հավանականությամբ ժամանակին կլուծվեն, բայց օրենսդրական դաշտը չի համապատասխանում այդ գործընթացին, որովհետեւ մնացել է հին օրենքը, որն առանց այդ էլ բազմաթիվ բացթողումներ ուներ: Եվ այն, որ սոցիալական հարցերը դեռ լուծված չեն, դա նույնպես կառավարության մեղքն է»:

Հետաքրքրվեցինք, թե կես տարին բավարա՞ր է այդ հարցերը լուծելու համար, նա պատասխանեց. «Չեմ ուզում իշխանությունների կամ կառավարության փոխարեն որոշել, բայց եթե ակտիվորեն աշխատեն, կարող են հասցնել, եթե չեն հասցնի, ուրեմն՝ նորից կհետաձգեն: Բայց դա չի կարող անվերջ շարունակվել, որովհետեւ գոյություն ունի միջազգային պարտավորություն, եւ Միջազգային հեռահաղորդակցության միությունը Հայաստանի հետ՝ որպես պետություն, պայմանավորվածություններ ունի, եւ պետությունը պետք է այդ պայմանավորվածությունները ժամանակին իրականացնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031