Կրթության ոլորտի արհմիության նախագահ Սպարտակ Մաթեւոսյանը մայիսմեկյան տոներին մասնակցել է նաեւ խորհրդային տարիներին: Այսօր մայիսի մեկին` աշխատավորների օրվա առիթով արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած երթի ժամանակ նա Aravot.am-ի հետ զրույցում զուգահեռներ տարավ խորհրդային տարիների ու այսօրվա երթերի միջեւ:
Մեր հարցին, թե այն տարիների՞ն էր տոնական ոգեւորությունը մեծ, թե՞ այսօր, պատասխանեց. «Հիմա ավելի ոգեւորված են, որ աշխատավարձերը ցածր են, բարձրացնեն»:
Մեր հարցին, այսինքն` տոնի խորհուրդը փոխվե՞լ է, ասաց`այո, պահանջատիրություն է դարձել. «Մեր պահանջն է, որ կրթության աշխատողների միջին աշխատավարձը գոնե հանրապետական միջին աշխատավարձին հասնի:
Արժանապատիվ աշխատավարձ չկա, արժանապատիվն այն է, որ ուսուցիչը գոնե այնքան ստանա, որ կարողանա իր կարիքները հոգա, բայց քանի որ այդքան չի ստանում, ստիպված դիմում է ավելորդ պարապմունքների, ու էդտեղից գալիս է կոռուպցիայի նման մի բան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ