Այսօր Մայիսի 1-ն է եւ ՀՅԴ Երեւանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեի անդամները հրավիրած ասուլիսում անդրադարձան աշխատանքի շուկայում խնդիրներին:
Նրանք նշեցին, որ արհմիությունները ձեւական բնույթ են կրում: Պետք է փորձենք արհմիությունները հզորացնել: Կոմիտեի անդամ Մեսրոպ Եսայանը դժգոհեց, որ բուհերը չեն պատրաստում այն մասնագետներին, որոնք պետք են շուկայում, օրինակ, զոդողների լուրջ կարիք ունենք, ջեռուցման համակարգի հետ կապված մասնագետներ: Ըստ բանախոսների, աշխատողներն իրազեկված չեն իրենց իրավունքների մասին. «Մենք չենք ասում հեսա դուրս ենք գալու բոլոր օլիգարխների դեմն առնենք, մեր նպատակը աշխատողներին իրազեկելն է: Մարդիկ կան, որ չգիտեն՝ աշխատանքից դուրս գալուց հետո պետք է ստանան վերջնահաշվարկ: Մարդիկ 5-6 տարի աշխատել են ու չեն պահանջել գործատուից վերջնահաշվարկ: Գործատուն շահագրգռված չէ դա վճարել, եթե աշխատողը իրազեկված չի իր իրավունքներից»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ գործազրկության մակարդակը շուրջ 17 տոկոս է մեր երկրում, որը գնահատվում է բարձր. «Մանկավարժական կրթությամբ բազմաթիվ քաղաքացիներ կան, բայց կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում: Սա խնդիր է»:
Թադեւոս Ավետիսյանի խոսքերով՝ գործազրկության մակարդակը ավելի բարձր է երիտասարդների շրջանում. «Բացի մասնագիտությունը, անհրաժեշտ է փորձ, ինչն օբյեկտիվորեն պահանջում են գործատուները, դրա պատճառով էլ երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը բարձր է: Բացի այդ, երիտասարդները ավելի բարձր աշխատավարձ են պահանջում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ թափուր աշխատեղեր կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նաեւ բանվորական մասնագիտությունների անհրաժեշտություն կա. «Հեռավոր մարզերում ուսուցիչների, բժիշկների թափուր աշխատատեղեր էլ շատ կան»:
Մեր հարցին՝ եթե բանվորական մասնագիտությունների կարիք կա, ինչո՞ւ են մարդիկ ֆայլաբազարում աշխատում՝ Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց. «Մարդիկ իրենք են որոշում ինչ գնով վաճառեն իրենց աշխատանքային ունակությունները: Գուցե փնտրում են, որպեսզի ավելի բարձր աշխատավարձով գտնեն աշխատանք: Մշտական աշխատանքն ունի իր սահմանափակումները, իսկ ֆայլաբազարը՝ ծառայություների մատուցման շուկան կարճաժամկետ է եւ աշխատողն ինքն իր ռիսկով ազատ աշխատում է»:
Մեր հարցին՝ ունե՞ք վիճակագրություն, թե հայաստանյան աշխատաշուկայում զբաղվածների քանի՞ տոկոսը հանրապետական չէ, նախարարության վարչության պետն ասաց, որ կուսակցական պատկանելության ուսումնասիրություն չեն արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ