Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանի կոմկուսի առաջնորդները որոշել են փոփոխել ավանդական երթի ուղին: 70 տարուց ավելի կոմունիստները մայիսի 1-ին Սարյանի արձանի մոտից Մաշտոցի պողոտայով, ապա Ամիրյան փողոցով շքերթով անցնում էին Լենինի հրապարակով: Անկախ Հայաստանի գոյության տարիներին կոմկուսի ղեկավարները նույն երթով շքերթ էի անում, ապա մայիսմեկյան հանրահավաք՝ Շահումյանի արձանի հարակից հրապարակում:
Կոմկուսի ներկայիս ղեկավար Տաճատ Սարգսյանը, այս էլ երկրորդ անգամ փոխելով շքերթի ուղին, շքերթի մասնակիցներին ուղղորդում է Մաշտոցի պողոտայից դեպի Ռուսաստանի դեսպանատուն, ապա՝ Կիրովի այգում շքերթն ավարտվում է, հանրահավաք էլ չի կայանում: Մարդիկ պարզապես զբոսնում են, պաղպաղակ ուտում, զրուցում:
Ամենազավեշտալին այն է, որ արդեն երկրորդ անգամ երթի մասնակիցները կանգ են առնում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Անցյալ տարի դեսպանատան պահակային ծառայության աշխատակիցներից մեկը դուրս եկավ, որին էլ կոմունիստները փոխանցեցին իրենց նամակը: Այս տարի, սակայն, անգամ պահակակետից որեւէ մեկը ընդառաջ չեկավ:
Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը երկու րոպեանոց բոցաշունչ ելույթ ունեցավ, որը նվիրված էր ֆաշիզմի դեմ պայքարին: Բոլոր երկրներին կոչ արեց միաձայն ասել՝ «Ձեռքներդ հեռու Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունից», ի լուր աշխարհի ավետեց, որ մենք այսօր գնում ենք դեպի Մաքսային միություն, Եվրասիական միություն: Ապա ողջունեց բոլոր կոմունիստներին, վանկարկելով՝ «Ուռռաա՜»:
Կարդացեք նաև
Կոմկուսի ղեկավարները հավանաբար այսքանով իրենց «միսիան» ավարտված համարեցին, հավաքված բազմությանն ուղղորդելով դեպի Կիրովի այգի: Իսկ երթի մասնակիցներից շատերը իրար մեջ քչփչում էին ու տարակուսանք հայտնում, որ ՌԴ դեսպանատնից ոչ ոք դուրս չեկավ ընդառաջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ