2015 թվականի դրությամբ՝ համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.5%: ԱՊՀ տարածաշրջանում կգրանցվի անկում -2.6%: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` հղում անելով միջազգային կառույցների կանխատեսումներին: Նրա ներկայացմամբ` զարգացման տեմպերով աչքի կընկնեն հիմնականում ասիական զարգացող երկրները, որտեղ աճի միտումները 6.6%-ի շրջանակներում կտատանվեն, իսկ եվրոպական միության երկրներում`2.9% կլինի տնտեսության աճի տեմպը:
Տնտեսագետի փոխանցմամբ` միջազգային կառույցների, այդ թվում նաեւ արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի իրական ՀՆԱ-ի` համախառն ներքին արդյունքի վերաբերյալ բացասական են: Հայաստանի տնտեսական աճն էլ, ըստ կանխատեսումների, կազմելու է 0 տոկոս: Մեր երկրում, տնտեսագետի ներկայացմամբ` 2016 թվականից նոր կսկսվի տնտեսության աճի տեմպի որոշակի աճ, այն էլ ոչ բարձր:
Տնտեսագետի խոսքերով` կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, անկում է նկատվում նաեւ սպառողների վարքագծի հետ կապված:
Հարցին` կառավարության ղեկավարն ասել է, որ լուրջ չեն վերաբերում միջազգային կառույցների` Հայաստանի վերաբերյալ կանխատեսումներին, մերոնք աճ ապահովելու են, տնտեսագետն ասաց, որ այդ կանխատեսումները հիմնականում համընկնում են, շատ փոքր շեղումներ են լինում: Իսկ միջազգային ֆինանսական կառույցների բերած թվերի ճշտությունն էլ ապացուցում է մեր տնտեսության իրական վիճակը. «Մենք գտնվում ենք զրոյական տիրույթում: Միջազգային կառույցներն իրենց կանխատեսումներով «մեսիջ» են ուղարկում, որ ավելի զգույշ լինենք, ավելի ճիշտ վարվենք: Մեր տնտեսությունն անկման փուլում է»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին` ո՞րն է ճիշտ քաղաքականությունը, կառավարությունն ասում է, որ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են անում, ստվերի դեմ են պայքարում, բայց շատ բան կախված է արտաքին շուկայից, տնտեսագետը օրինակ բերեց Ռուսաստանին: «Երբ սանկցիաներ կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ, նրանք 90%-ով անցան տեղական արտադրության սպառմանը, տեղականը փոխարինեցին եվրոպականին»:
Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ` մեր բանկային համակարգում տոկոսադրույքները բարձր են, իսկ սա տնտեսության զարգացմանը չի խթանում: Ընդ որում, ըստ տնտեսագետի, ԿԲ-ի հրապարակած տարեկան հաշվետվությամբ` վարկերի տոկոսադրույքների բարձրացման միտում է նկատվում` 24 %:
Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա պարոն Խաչատրյանն ասաց, որ ստվերից հանելով, փոքր ու միջին ձեռնարկությունները կանգնում են փակման եզրին, խոշորներին սա չի սպառնում:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ