ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր՝ աշխատավորների օրվա առիթով արձանագրեց, որ աշխատանքային հարաբերություններում օրենքով սահմանված ութժամյա խնդիրը կարգավորված է:
«Չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով լուծված է, բայց կարգավորված է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Խառատյանը:
Կոնֆեդերացիայի իրավաբան Միքայել Փիլիպոսյանի խոսքով, անցած տարի իրենց դիմել են ավելի քան 150 աշխատող, եւ հիմնական բողոքները վերաբերել են աշխատանքային պայմանագրի կնքման, լուծարման ու այլ աշխատանքի տեղափոխման հարցերին: Կոնֆեդերացիա ավելի շատ դիմել են արձակուրդների հարցերով, արձակուրդի հատկացման կարգի, տեւողության խնդրով, ինչպես նաեւ աշխատավարձերի՝ հատկապես չվճարված աշխատավարձերի հարցերով, եղել են դեպքեր, երբ գործատուն պակաս է վճարել: Նա նկատեց, որ աշխատանքային իրավունքների խախտումներով իրենց դիմած քաղաքացիները չեն ցանկանում դիմել դատարան. «Վախենում են հետագա բարդություններից»:
Կոնֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աշխատանքային հարաբերություներում հիմնական խնդիրը մնում է վարձատրության խնդիրը. «Գործատուն ցանկանում է աշխատեցնել շատ ու վճարել քիչ, այստեղ կարգավորիչ դերն ունի նվազագույն աշխատավարձը: Հայաստանում այն հիսուն հազար դրամն է, բայց այն չի պարունակում ոչ մի հաշվարկ: Այդ պատճառով ունենք աշխատողներ, որոնք չեն կարող բավարարել իրենց պահանջմունքները»:
Կարդացեք նաև
Իրավաբան Միքայել Փիլիպոսյանն էլ անդրադարձավ ԱԺ-ում գտնվող աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին, ասաց՝ նախատեսված է մոտ վաթսուն հոդվածներում փոփոխություն կատարել. «Այնտեղ ներառված է աշխատանքային պայմանագրի տեսակի՝ որոշակի, թե անորոշ ժամկետով է աշխատանքի վերցվում կետի հստակեցում, նախատեսված է՝ աշխատանքային գրքույկները վերացնել»:
Բորիս Խառատյանի խոսքով, հանրապետությունում աշխատողների 50 տոկոսը ոչ ֆորմալ աշխատող է, այսինքն` նրանց մեջ են մտնում չգրանցված աշխատողները կամ գրանցված աշխատողները, որոնց աշխատավարձի մի մասը ձեւակերպված չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ