Մայիսի 1-ը, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրը, տաքսիստները «նշում են» բողոքի ակցիայով: Քիչ առաջ Երևանի Արցախի փողոցի և Էրեբունի խաչմերուկում (նախկին բենզալցակայանի տարածքում) մեկնարկեց տաքսու վարորդների բողոքի ակցիան:
Նրանք դժգոհում են, որ ստիպված են հազարավորի դրամներ մուծել գովազդների տեղադրման, լիցենզիայի և այլ մանր մունր բաների համար, որը ամսվա կտրվածքով կազմում է 100 հազար դրամ: Եվ չեն կարողանում այնքան գումար վաստակել, որ կարողանան այդ ծախսերի տակից դուրս գալ: Տաքսիստ Արմեն Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բազմիցս դիմել են կառավարությանը, սակայն իրենց ձայնը այդպես էլ չեն լսել:
Մեկ այլ տաքսիստ էլ նշեց, թե կառավարության պահանջած բոլոր գումարները վճարել է, որը կազմել է 100 հազար դրամ, սակայն Գագիկ Բեգլարյանը մերժել է իրեն լիցենզիա տալ:
Կարդացեք նաև
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհեցին, թե իշխանավորների տաքսի սերվիսները այս գումարները չեն մուծում, միայն իրենց «քերում», շատերն էլ նշեցին, թե «շերեփուկների հետևից են ընկել, շնաձկներին թողած», որոշներն էլ արդեն որոշել են արտագաղթել:
Այժմ բողոքի ակցիայի վայրում ավելի շատ ոստիկաններ կան, քան տաքսիստներ. Ոստիկանների հետ բանակցություններ են գնում, թե ավտոերթը որ ուղղությամբ իրականացնեն: Ոստիկանները կատակում են, թե իրենց «մայովկա էլ» սա է:
Տաքսիստներից որոշներն էլ մտահոգված են, թե ոստիկանները եկել են, որ «կռիվ սարքեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ