Այս պահին Ազատության հրապարակում լարված դրություն է նաիրիտցիների եւ ոստիկանների միջեւ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ստիպված եղավ լրացուցիչ ուժեր հրավիրել, որպեսզի կարողանան բողոքի ակցիայի մասնակիցներին հետ մղեն:
Ամեն րոպե սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Օպերա, որտեղ նախագահը պետք է մասնակցի աշխատավորների տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նաիրիտցիներն ուզում են առիթն օգտագործել եւ հանդիպել նախագահի հետ:
Ոստիկանները պատ կազմած նաիրիտցիներին հետ են մղում, արգելելով հանդիպել նախագահին: Ոստիկանների եւ «Նաիրիտի» աշխատակիցների միջեւ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 6 հոգանոց մի խումբ կմոտենա նախագահի անվտանգության ծառայության պետին, որպեսզի ճշտի՝ հնարավո՞ր է տեսնել նախագահին, թե ոչ:
Նաիրիտցիներին վրդովվեցնում է այն, որ ոստիկանները հրելով հետ են տանում ակցիայի մասնակիցներին, որպեսզի չխոչընդոտեն նախագահի այցին: «Պարտքի մարում, պարտքի մարում» վանկարկումներով «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ամոթանք են տալիս կառավարությանը, ասելով, որ մեր երկրում աշխատողների իրավունքները բոլորովին պաշտպանված չեն եւ իրենք ստիպված են այս ճանապարհով իրենց իրավունքները պաշտպանել: Որքան էլ նաիրիտցիների ակցիաները համակարգող Անուշ Հարությունյանը փորձում է հանդարտեցնել իր գործընկերներին, որպեսզի չենթարկվեն սադրանքների, ասելով՝ մենք չենք եկել այստեղ ծեծ ուտելու, մենք եկել ենք մեր բողոքի ձայնը նախագահին հասցնելու, այնուամենայնիվ, նաիրիտցիները այլեւս չեն ուզում խելոք սպասել:
Կարդացեք նաև
«5 ամիս է՝ խելոք սպասում ենք»,- ոստիկանի հորդորին՝ համբերեք, մինչեւ նախագահը գա, ասաց աշխատակիցներից մի կին:- Դուք չեք պատկերացնում մեր վիճակը, թե ինչերի միջով ենք անցնում, այստեղ հավաքվածներից ոչ մեկս արդեն առողջություն չունենք, մենք այն կորցրել ենք գործարանում աշխատելու տարիներին»: «Շատ էլ լավ պատկերացնում ենք, բայց մենք մեր գործն ենք անում»,- ասաց ոստիկաններից մեկը:
Ոստիկանները դեպի օպերայի շենք եկող ցանկացած քաղաքացու ստուգում են, որպեսզի տեսնեն՝ նաիրիտցի՞ է, թե՞ միջոցառման մասնակից, որպեսզի ակցիայի մասնակիցներից որեւէ մեկը իրենց աչքից չսպրդի եւ չմոտենա նախագահին:
Ոստիկանության մեքենաները այս պահին շրջում են հրապարակում, որպեսզի կարգուկանոն հաստատեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի