Քիչ առաջ Սարյանի արձանի հարակից տարածքից մեկնարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած ավանդական մայիսմեկյան շքերթը: «Կեցցե մայիսի 1-ը», «Ուռռա՜», «Կեցցեն աշխատավորները» պաստառներով եւ «Փառք սոված բանվորներին»վանկարկումներով շքերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Շահումյանի արձանի հարակից հրապարակ: Կարմիր դրոշներ, եռագույններ, կուսակցական հայրերի՝ Լենինի, Մարքսի, Ստալինի եւ այլոց դիմանկարներով դրոշներ ու պաստառներ, պիոներական վզկապներով երեխաներ. սրանք կոմունիստական շքերթը մշտական եւ պարտադիր ատրիբուտներն են:
Փողոցներում մարդիկ հրճվանքով են նայում շքերթի մասնակիցներին, երիտասարդ ծնողները փորձում են երեխաներին բացատրել, թե ինչ է նշանակում այսքան շատ կարմիր գույնի առկայությունը մեկ տեղում, իսկ տարեցները երանելի ժպիտներով հայացքներ են նետում:
Շքերթի մասնակիցները նաև հանդիմանանքների են արժանանում: Օրինակ՝ միջին տարիքի մի կին հերթական «ուռռա»-ից նյարդայնացած, շպրտեց հետեւյալ արտահայտությունը. «70 տարի ուռա ասինք, ի՞նչ խերվանք, որ էլի ուռա եք կանչում»:
Մայիսմեկյան շքերթը ավանդաբար կազմակերպվում է Հայաստանի կոմկուսի, Հայաստանի սոցիալիստական շարժման եւ Միացյալ կոմկուսի համատեղ ջանքերով: Այս տարի, սակայն, Միացյալ կոմկուսի առաջնորդ Վազգեն Սաֆարյանը առաջին շարքերում չէ շքերթի կազմակերպիչների հետ: Կոմկուսի ղեկավարները, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ Միացյալ կոմկուսի անդամներն իրենց շարքերում են, իսկ ընկեր Սաֆարյանը բացակա է, հավանաբար այն պատճառով, որ հանրապետությունում չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ Aravot.am-ը ճշտեց, որ Հայաստանի միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանն այս օրերին Մոսկվայում մասնակցում է Եվրասիական միության տնտեսական ֆորումին: