Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանը (մականունը Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե), Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ), «ՀԺ»-ի տեղեկություններով, հրաժարվում են գործի շրջանակներում ցուցմունք տալուց։
Նույն այդ տեղեկություններով, մինչ այժմ նրանց մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։
Գաստիկը, Ծգլը եւ Տլեն մեղադրվում են սույն թվականի մարտի 4– ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։ Հաջողվեց ճշտել, որ վերջիններս իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Երեկ Գաստիկի, Տլեի, Ծգլի պաշտպան Լուսինե Սահակյանը ասաց, որ վերը նշվածի վերաբերյալ մեր հարցերին չի կարող պատասխանել։ Նա միայն հաստատեց այն տեղեկությունը, որ իր պաշտպանյալները ցուցմունք չեն տալիս։
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Սակայն դատարանը, քննելով բողոքները, մերժել էր դրանք։ Լուսինե Սահակյանն ասաց, որ նոր են ստացել դատարանի որոշումները եւ անպայման բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան. «Որոշման մեջ դատարանը անհիմն պատճաոաբանություններ է ներկայացրել, որոնք մեզ հիմք են տալիս վճռաբեկ բողոք ներկայացնելու։ Վերաքննիչ դատարանը համաձայնվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտի հետ, այսինքն՝ դատարանը գտել է, որ եթե իմ պաշտպանյալները գտնվեն ազատության մեջ, ապա կխոչընդոտեն քննությանը եւ կթաքնվեն վարույթ իրականացնող մարմնից։ Մենք գտնում ենք հակառակը, ո՛չ վարույթ իրականացնող մարմինը եւ ո՛չ էլ դատարանները իրենց որոշումներում պատճառաբանված դատական ակտ չեն կայացրել, թե ինչի հիման վրա են նրանք նման եզրահանգման եկել, որեւէ հիմք չեն ներկայացրել, որ հնարավոր է ազատության մեջ գտնվելով՝ իմ պաշտպանյալները թաքնվեն կամ խոչընդոտեն քննությանը։ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն (խափանման միջոց կիրառելու կարգը), պետք է քրեական գործով ձեռք բերված բավարար նյութեր ներկայացվեն, որը հիմք կտա նման ենթադրություն անելու, սակայն նման նյութ, իհարկե, չի ներկայացվել դատարան, որովհետեւ նման նյութ չէր էլ կարող լինել, առավելեւս՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենք են ներկայացել (Գաստիկը, Ծգլը եւ Տլեն 10 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին ոստիկանության բաժին,–հեղ.)՝ արդեն իսկ ծիծաղելի է նման եզրահանգումը, որ եթե ազատության մեջ մնան, նրանք կթաքնվեն քննությունից։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի չէին ներկայանա»,- մանրամասնեց փաստաբանը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում