Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առեւտրային փոխանցումները մարտին շարունակել են կրճատվել, թեեւ նկատելի է անկման տեմպի որոշակի դանդաղում
Եթե հունվարին դրանց բացասական տարբերությունը 45,5 տոկոս էր, փետրվարին՝ 35,6 տոկոս, ապա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տրանսֆերտների հոսքերի նվազումը եղել է 33,2 տոկոս։ Ընդ որում՝ անկման տեմպի կրճատման հարցում դրականորեն է ազդել ինչպես այլ երկրներից, այնպես էլ Ռուսաստանից ուղարկված գումարների տեղաշարժը։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, մարտին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 83,9 մլն դոլար։ Սա գրեթե 16 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։ Մարտին 11,7 մլն դոլարով ավելացել են ռուսական տրանսֆերտները։
Չնայած փետրվարի համեմատ տրանսֆերտային հոսքերը համալրվել են, այնուհանդերձ դրանք շատ հեռու են նախորդ տարվա մակարդակից։ Ասենք, որ 2014թ. մարտին ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումները գերազանցել էին 125,6 մլն դոլարը։ Այլ կերպ ասած, դրանք 41,7 միլիոնով պակասել են։ Այս տարվա մարտին բանկային համակարգով ուղարկված գումարներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 33,2 տոկոսով։
Այն գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում ռուսական շուկայից կատարված փոխանցումներին։ 2014թ. 99,4 մլն դոլարի փոխարեն այս տարվա մարտին Ռուսաստանից մուտք եղած գումարները պակասել են 40 միլիոնով (կամ 40 տոկոսով)։ Տարբերությունը, անշուշտ, մեծ է։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում տարեսկզբի համեմատ ռուսական տրանսֆերտների կրճատման տեմպը ամսեամիս կարծես փոքրանում է։ Եթե հունվարին մուտքը պակաս էր 53,8, փետրվարին՝ 42,8, ապա արդեն մարտին՝ 40 տոկոսով։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում