Պրոբացիոն ծառայության ներդրման մասին Aravot.am-ի զրուցակիցը՝ արդարադատության գնդապետ, քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լեւոն Ավետիսյանը հայտնեց, որ մայիսի վերջին վերահսկողություն են իրականացնելու:
«Եթե անձին տան տնային կալանք, չենք կարողանալու երկու աշխատակից կանգնեցնել նրա տան մոտ, հասկանանք, նա դուրս եկա՞վ տնից, թե՞ տանն է:
Դա նշանակում է, որ ժամը 9-ից հետո երեկոյան, մինչ առավոտը ժամը 9-ը տվյալ անձը՝ դատապարտվածը, իրավունք չունի բնակատեղիից բացակայելու: Կարող է լինել այն դեպքում, երբ անձը կատարել է գողություն, եւ կատարել է գիշերային ժամերին:
Հսկողությունը կարող է լինել միայն էլեկտրոնային եղանակով»,–ասում է նա, ներկայացնելով հնարավոր դժվարություններից մեկը:
Կարդացեք նաև
Ի դեպ, էլեկտրոնային հսկողությունը կարող է կիրառվել քրեական գործով վարույթի մինչդատական փուլում, որպես ազատազրկման ձեւով նշանակված պատժի կիրառման հետաձգման կամ որպես այդ պատժի իրականացման պայման, համայնքում՝ հսկողության առանձին միջոց: Էլեկտրոնային սարքը ցույց կտա հսկողության ենթարկված անձանց գտնվելու վայրը, տեղաշարժը. այդ սարքավորումները սովորաբար անձին ամրացված հեռակառավարվող սարքեր են:
Հարցին, թե ժամանակին շոշափվեց էլեկտրոնային թեւկապների, քրեական արդարադատության շրջանակներում էլեկտրոնային մոնիթորինգի տարբեր ձեւերի արդարացի կիրառման մասին, նաեւ, որ թեւկապները ստացվել են, եւ առաջիկայում Վանաձորում եւ Երեւանում կներդրվեն, մեր զրուցակիցն ասում է.
«Ընտրվել է Լոռու մարզից՝ Վանաձորը եւ Երեւանում՝ Շենգավիթ վարչական շրջանը: Խնդիրն այն է, որ ծրագիրն իրականանում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո. «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրմանը», եւ այդ ծրագրի իմաստն այն էր, որ ունենա երկու պիլոտային ծրագիր:
Սակայն պիլոտային ծրագիրը «հետ ընկավ», կապված օրենսդրական փոփոխությունների հետ: Գոնե այն համապատասխան փոփոխությունները պիտի լինեն, որպեսզի ունենանք համապատասխան իրավական ակտ, որ թույլատրվում է դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային սարքավորումներով հսկողություն»:
Այն հարցին էլ, թե նյութատեխնիկական բազան ունե՞նք, Լեւոն Ավետիսյանն ասում է, որ մեր պետությունը ցանկություն ունի վարձակալելու. «Եթե արդյունավետություն եղավ, ծրագիրն իրականացնողները կաջակցեն տեխնիկական վերազինմանը: Երկրներ կան, որ գնել են, ունեն, չեն օգտագործում, կամ՝ գնել են, օգտագործում են:
«Կարող է գնե՞լ պատժից ազատվածի ընտանիքը»,-հարցին ի պատասխան էլ, նա տեղեկացրեց, որ ԱՄՆ մի քանի նահանգներում որոշակի սոցիալական դիրք զբաղեցնողները պատվերով գնում են չերեւացող սարքավորումներ. «Հասարակության մեջ նա չի ուզում իմանան, որ ունի այդպիսի թեւկապ:Կա, որ կալանավորված անձը վճարում է այդ ծառայության դիմաց: Օրեկան հինգից-տաս դոլար, որպեսզի իր նկատմամբ կիրառվի հսկողություն: Որովհետեւ ծախսատար աշխատանք է, պետությունը չի ուզում, որ այդ ծառայությունը վերցնի իր վրա»:
Ինչ վերաբերում է հնարավոր իրավիճակին, երբ հսկողական թեւկապի երեւալը դիտվի անձի իրավունքների խախտում, Լ. Ավետիսյանն ասում է. «Միանգամից չենք վերցնելու, թե բոլորիդ նկատմամբ կիրառվելու է: Ուսումնասիրված է միջազգային փորձը: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից հաստատված բանաձեւ կա, թե ինչպես կարելի է օգտագործել այդ սարքավորումները: Մեզ իրավունք է վերապահվելու կիրառել եւ խնդիր չենք ունենալու մարդու իրավունքների խախտման հետ: Այսօր 70 տոկոս կիրառվում է եվրոպական երկրներում, եւ նման հարց չի բարձրացվել, թե այդ երկրներում, թե ՄԻԵԴ-ում»:
Aravot.am-ի հարցին էլ, թե մեր հարեւան որ երկրներում կան պրոբացիոն գործակալություններ, արդարադատության գնդապետը տեղեկացրեց, որ Թուրքիան կիրառում է, իսկ նրանց պրոբացիոն ծառայության ղեկավարի կողմից էլ անցյալ տարվա նոյեմբերին հնչեցված թվերը վկայել են, որ երեսուն հազարից ավելի մարդ այսօր վարչական հսկողության տակ է գտնվում: Ըստ նրա, Վրաստանում կիրառեցին, սակայն դադարեցվեց վարչական հսկողությունը, քանի որ վարձակալված էլեկտրոնային սարքավորումները տեխնիկապես լավը չէին եւ չկարողացան կիրառվել լեռնային գոտում:Հարցին, թե մենք նույնպես հաշվի կառնե՞նք այդ հանգամանքը , Լ. Ավետիսյանը պատասխանում է, որ սարքավորումներ կան չինական արտադրության, եւ եվրոպական, դեռեւս նախապատվությունը որեւէ մեկին տրված չէ: Դա կորոշի արդարադատության նախարարությունը, կառավարությունը, երկու երկարաժամկետ փորձագետներ կան, որոնք տրամադրվել են Եվրոպայի խորհրդի կողմից, նրանց կարծիքը հաշվի կառնվի. «Նրանք Մեծ Բրիտանիայում պրակտիկ աշխատողներ են եղել»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ