Մինչեւ մայիսի 5-ը քաղաքական կուսակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին՝ առաջարկված հայեցակարգի վերաբերյալ։ Մինչ այս պահը միայն դաշնակցությունն է ներկայացրել իր առաջարկները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացված հայեցակարգի վերաբերյալ առաջարկ սահմանադրական փոփոխություններ իրականացնող հանձնաժողովին չի ներկայացնելու։ Իսկ թե ինչո՞ւ՝ պարզաբանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։
«Բարգավաճ Հայաստանը» բազմիցս ասել է, որ մեր երկրի ներկա իրավիճակում, երբ կա ներքին եւ արտաքին կայունության լրջագույն խնդիր, երբ մենք ունենք Ղարաբաղի հարց, երբ քաղաքական կուսակցությունների կայացվածության աստիճանը խիստ կասկածելի է, կառավարման խորհդարանական համակարգին անցնելն այս պահին իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում։ Իհարկե, մեր ծրագրային հիմնադրույթներում կառավարման խորհրդարանական մոդելը որպես ապագայի միտված մոդել, երբ կլուծվեն ներքին եւ արտաքին նշյալ ռիսկերը՝ կա։ Բայց, կրկնում եմ, այս փուլում խորհրդարանական մոդելին անցնելը կարող է երկրում լրջագույն խնդիրներ առաջացնել։ Ուստի, մենք նշյալ հայեցակարգի վերաբերյալ որեւէ առաջարկ չենք ներկայացնելու։ Ասվում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը աշխատելու է նաեւ երկրորդ տարբերակի վրա. այն է՝ Սահմանադրության հետ կապված առկա մտահոգությունները, մասնավորապես դատական համակարգի անկախության եւ մի քանի այլ խնդիրների հետ կապված, լուծել գործող՝ կիսանախագահական մոդելը լրամշակելու տարբերակով, ինչը միանգամայն հնարավոր է։ Եթե հանձնաժողովը առաջարկի այդ տարբերակի իր մոտեցումները, բնականաբար, ԲՀԿ-ն կքննարկի գործող՝ կիսանախագահական մոդելի բարեփոխման շուրջ առաջարկներ ներկայացնելու հարցը։ Այս պահին, սակայն, հանձնաժողովը երկրորդ տարբերակ չի առաջարկել։ Ուստի, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը՝ այս փուլում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն՝ մնում է անփոփոխ։ Մենք դեմ ենք կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն։
ԲՀԿ մամուլի ծառայություն