Երեկ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անունը կրող լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ ընդլայնված նիստ` ինստիտուտի գիտաշխատողների, ինչպես նաև` մի խումբ հյուրերի մասնակցությամբ: «Եղեռնը և հայոց լեզուն» խորագրով նիստը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որի շրջանակներում հրապարակային քննարկման դրվեց նաև Սփյուռքի նախարարության հետ համատեղ ջանքերով ստեղծված «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» գիրքը: Նիստի ընթացքում հնչեցին ոչ միայն դատապարտողական ելույթներ առ սեփական պատմությունն ուրացող Թուրքիան, ինչպես նաև` գնահատականներ աշխարհի տարբեր հատվածներում հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ:
Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարևորեց, որ Հայոց լեզուն Եղեռնի պատճառով մեծ կորուստներ է կրել, և այդ կորուստները շարունակվում են մինչ օրս. «Արևմտահայերենը հայտնվել է անհետացող լեզուների շարքում: Նույնն է իրավիճակը բազմաթիվ բարբառների պարագայում: 1909 և 1911 թթ. լույս տեսած Հ. Աճառյանի բարբառագիտական մենագրություններում հիշատակվող 31` հատկապես Կը ճյուղի բարբառների մեծ մասն այսօր չի գործառում իր բուն տարածքում, մի մասը ուղղակիորեն վերացել է, իսկ մի մասը ցիրուցան է եղել աշխարհով մեկ: Միայն համշենահայ բարբառն է մնացել իր բնօրրանում»:
Վ. Կատվալյանի դիտարկումներով` պետք է ակտիվացնել ջանքերը գրական արևմտահայերենի ուսումնասիրության, հետևաբար նաև` պահպանման գործում, որին էլ ուղղված է լեզվի ինստիտուտի արդյունավետ ու բեղուն գործունեություն ծավալող նորաբաց Արևմտահայերենի բաժինը: «Արդյունքները տեսանելի են. արդեն լույս է տեսել տերմինաբանական ընդհանուր բառարանը, հրատարակվել է ուսումնասիրություն Սիրիայի հայ համայնքում արևմտահայերենի արդի վիճակի վերաբերյալ, դեռևս խորհրդային տարիներին լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի աշխատողները լրացրել են շուրջ 500 տետր, որոնց մեծ մասը վերաբերում է վերացած ու վերացման ուղի բռնած արևմտյան բարբառներին, պետք է լույս տեսնի աշխատություն` «Կորուսյալ բարբառներ» խորագրով, ինչպես նաև կայանա գիտաժողով` ցեղասպանության դերը հայոց լեզվի զարգացումը կասեցնելու գործում թեմայով և այլն»,-ասաց ինստիտուտի տնօրենը` հավելելով, որ պետք է մշակել ու ստեղծել արևմտահայերենի ակադեմիական քերականությունը, ինչպես նաև հետազոտական ակտիվություն դրսևորել կորած բարբառների նկատմամբ: Լեզվի ինստիտուտի տնօրենը նկատեց նաև. «Եկեք չմոռանանք նաև, որ խորհրդային տարիներին զոհ գնացին նաև Ագուլիսի, Շամախիի բարբառները և Ղարաբաղի բարբառի մի շարք խոսվածքներ: Աշխարհը փոխվել է, ողջ աշխարհն այս օրերին, կարծես, հայացել էր: Մենք մեր աշխատանքը պետք է կազմակերպենք բարձր որակով, որ արդարացնենք մեր հույսերը»:
Կարդացեք նաև
ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, զուգահեռներ անցկացնելով, ընդգծեց, որ Ռուսաստանում էլ վտանգված է արևելահայերենը. «Եթե լեզվակիրը չկա, չի լինի նաև լեզուն»: Ըստ Ս. Սրապիոնյանի` երկու գրական լեզուները մերձեցնել հնարավոր չէ, ընդամենը անհրաժեշտ է խորացնել արևմտահայերենի ուսուցումը. «Այսօր ողջ աշխարհում արևմտահայերենով հաղորդակցվողների թիվը մեկ միլիոն է: Սա լուրջ թիվ է: Կարծում եմ` պետական լուրջ քաղաքականության դեպքում կփրկենք այդ գանձը: Այն մշակույթը, որ ստեղծվել է արևմտահայերենով, դժվար թե կրկնվի: Պետք է զարգացնել արևմտահայերենը, քանի որ նրանց գոյության ու լինելիության հիմքում ընկած է հայոց լեզուն»:
Լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Սուսաննա Տիոյանը, կարևորելով, որ հայն իր ինքնությունը պահպանում է իր գոյությամբ, իսկ ինքնությունը` լեզուն է, ներկայացրեց «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» նորընծա աշխատությունը. «Պատահական չի ընտրվել Սիրիան, քանի որ այն հին համայնք է համարվել, իսկ տեղի հայերը կոչվել են հին հայեր: Աշխատության մեջ ներկայացվում են արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայում, սիրիահայ բարբառի տարաբնույթ իրողությունները, Սիրիայում արևմտահայերենի խնդիրները և այլն»:
ԱՄՆ-ի հայագետների ընկերակցության նախագահ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գ. Բարդակչյանն անդրադարձավ արևմտահայերենի հիմնախնդիրներին. «Պետք է ստեղծվի մայր դասագիրք, որի կաղապարը կտրամադրվի ողջ աշխարհի հայ համայնքներին: Հարցը մեկն է` ինչի՞ համար սովորել հայերեն: Պետք է մշակել համակարգ, որ ոչ հայախոս հայերը սովորեն մայր լեզուն: Այսօր հրատապ հարց է հայախոսությունը և արևմտահայերենի փրկությունը: Հայերեն խոսողների թիվն ուռճացված է, օրինակ` Լոս-Անջելեսում կա ընդամենը երկու հարյուր հազար հայախոս: Արևմտահայերենը ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կարող ենք անել: Այս մասին պետք է մտածել: Պետք է մտածել արմատական լուծումների մասին, պետք են լուծումներ: Միակ լուծումը երկու գրական լեզուների միջև եղած տարբերությունները քչացնելն է: Վերջին շրջանում ինձ հաջողվեց ձայնագրել երկու գրական լեզուներով հաղորդակցվող մարդկանց զրույցը: Մի հետաքրքիր հիբրիդ է, լեզվական խառնուրդ է ստեղծվել: Խնդրահարույց է նաև ուղղագրությունը, հնչյունական ակնհայտ տարբերությունները: Սփյուռքի համայնքների միջև կապեր չկան, միակ ընդհանրությունը եկեղեցին է»:
Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը Մշո բարբառով ներկայացրեց իր տատի` Մշո Մկրագոմ գյուղի բնակիչ, եղեռնապուրծ Նոյեմզարի հետ կապված հուշերը. «Նոյեմզարը փրկվել է իր երեք երեխաների հետ ու ապրել մինչև խոր ծերություն։ Իհարկե, նախախնամությունն այս հարցում բարեհաճ է եղել և՛ Նոյեմզարի, և՛ պապիս, և՛ հորս, և՛ իմ հանդեպ, այլապես՝ չէի ծնվի: Սակայն այն զարհուրելի տեսարանները, որի ականատեսն էր եղել այդ քնքուշ, բայց տոկուն ու կենսասեր հայուհին, անկասկա՛ծ իր կնիքն էր դրել նրա ողջ կյանքի վրա։ Մանուկ հասակում շա՜տ եմ տեսել նրա արցունքները, երբ պատմում էր այրվող մարագում մնացած իր գեղեցկուհի աղջկա՝ Սոսեի, նաև գաղթի ճամփին ծարավից մահացած մեկամյա Սաթիկի մասին։ Իր երեք զավակների հետ Անդրանիկի զորքի հետքերով Արևելահայաստանում դեգերող գաղթականների քարավանի մեջ ինչքա՜ն են տառապել ցրտից, քաղցից ու հիվանդություններից։ Ամիսներ են տևել թափառումները։ Ամեն տեղ չէ, որ բարեհաճ վերաբերմունքի են արժանացել։ Արարատյան դաշտի գյուղերից մի քանիսում հիվանդ ու սովյալ գաղթականներին մոտ չեն թողել իրենց բնակավայրերին՝ հավանաբար, վախենալով համաճարակներից։ Սակայն Անդրանիկի զինվորներից մեկին՝ դեռ ամուրի Մուշեղ Մուրադյանին, գրավել է Նոյեմզարի գեղեցկությունը, ու նրանք ամուսնացել են։ Մըռդե Մուշոն հետագայում շատ հոգատար հայր է դարձել Նոյեմզարի 3 տղաների համար։ Վերջնականապես հանգրվանել են Շիրակի դաշտի Մոլլա-Մուսա գյուղում, որը մինչ այդ թուրքաբնակ գյուղ էր եղել, իսկ հետո դարձել էր բացառապես գաղթականներով վերաբնակեցված շեն ու գեղեցիկ մի գյուղ՝ 1923 թվից անվանվելով Ոսկեհասկ։ Այդ գյուղում էլ Նոյեմզարը ևս 4 զավակ է ունեցել, և կյանքի մայրամուտին նրա թոռների ու ծոռների քանակը պատկառելի թիվ էր կազմում։ Հպարտ եմ, որ ես Նանեի առաջին ծոռն եմ՝ նրա առաջին որդու թոռը։ Ուսուցչուհի մայրս իր ծննդավայրի պատմությանը նվիրված գրքի համար նյութեր հավաքելիս գրառել է նաև Նոյեմզարի հուշերը, որոնք միշտ ավարտվում էին արցունքախառն բողոք-տրտունջով. «Ու՜յ, լա՛օ, ըդ ի՜նճ զուլում էր …Հէ՛ճ իմ մըդից չէլնա…»:
Գրի առավ Գարիկ Մկրտչյանը
տերմինաբանական = ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ (տերմին = ԵԶՐ)