Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեոնիդ Ենգիբարյանը մեր մանկության ծաղրածուն է». Ժիրայր Դադասյան

Մայիս 01,2015 10:10

«Ես փոքր էի՝ 4-5 տարեկան, երբ մայրս ինձ կրկես էր տանում: Նա պատմում է, որ ներկայացումից հետո ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ ու ամբողջ ընթացքում ինձ ծաղրածուի տեղ էի դնում:

Ժամանակի հետ, երբ սկսեցի մնջախաղով հետաքրքրվել, ինձ համար նորովի բացահայտեցի այդ մեծ արվեստագետին՝ Լեոնիդ Ենգիբարյանին, և մինչև այսօր մենք կարծես քայլում ենք միասին»,- հիշում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Յուրաքանչյուր երեխա իր մանկության ծաղրածուն պետք է ունենա,- համոզված է պարոն Դադասյանը,- և ես հպարտ եմ, որ իմ մանկության ծաղրածուն բոլոր ծաղրածուների արքան էր:

Երեկ՝ ապրիլի 30-ին, «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «ծաղրածուների արքայի»՝ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում հանճարեղ ծաղրածու-մնջախաղացի մասին հուշեր պատմեցին նրա հետ շփված, նրան անձամբ ճանաչած արվեստակից ընկերները, հատվածներ ցուցադրվեցին նրա մասին պատմող ֆիլմերից և այն ֆիլմերից, որոնցում նկարահանվել է, կատարվեցին կրկեսային և երաժշտական համարներ:

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հիշեց իր առաջին հանդիպումը Լ. Ենգիբարյանի հետ. «1963 թվականն էր: Ես Թբիլիսիում էի: Հանկարծ նկատեցի, որ համարյա բոլոր կինոթատրոններում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմն է ցուցադրվում: Ես այն հարյուր անգամ նայեցի. սիրահարվել էի:

Մինչև այդ, պարով, ֆուտբոլով և այլ բաներով էի տարված, իսկ երբ տեսա այդ ֆիլմը, Ենգիբարյանն ինձ ուղղակի «վարակեց»: Բայց ինչպե՞ս, ինչի՞ց սկսել: Որոշեցի գնալ Ենգիբարյանի մոտ, սակայն նա մի ամբողջ ամիս չէր կարողանում ինձ ընդունել: Երբ վերջապես ընդունեց և տեսավ՝ ինչ եմ անում, ասաց. «Սո´ս, դու կլինես երկրորդ հայը, որը կընդունվի Մոսկվայի կրկեսային արվեստի պետական ուսումնարան»:

Հայրս, որը մի քիչ խորամանկ մարդ էր, օգտվելով առիթից, Լ. Ենգիբարյանին ասել էր. «Սոսը դպրոցում վատ է սովորում: Ասա նրան, որ այդ ուսումնարան կարող է ընդունվել միայն դպրոցը ոսկե մեդալով ավարտելու դեպքում»: Իսկ ես մի կերպ «երեք» էի ստանում: Հետո Ենգիբարյանը կանչեց ինձ, ասաց. «Սո´ս, կընդունվես, եթե դպրոցը ոսկե մեդալով ավարտես»: Եվ, հավատացեք, Թբիլիսիի հայկական դպրոցի միակ աշակերտը, որն ավարտեց ոսկե մեդալով և ընդունվեց Մոսկվայի կրկեսային արվեստի պետական ուսումնարան, ես էի:

Հետո հերթը հասավ ավարտական քննություններին, որոնցից մեկի ժամանակ Ենգիբարյանն էլ էր դահլիճում: Ես չեմ հիշում՝ ինչպես սկսեցի իմ համարը և ինչպես ավարտեցի: Միայն հիշում եմ, որ դրանից հետո Ենգիբարյանը եկավ ետնաբեմ, ասաց. «Դու երկրորդ հայն ես, ես հիշում եմ: Վաղվանից քեզ վերցնում եմ Հայկական կրկեսային համույթ»: Վերցրեց, և մինչև Ենգիբարյանի մահը ես աշխատեցի նրա համույթում»:

Սոս Պետրոսյանը հիշեց նաև Լ. Ենգիբարյանի մի սովորության մասին. «Նա միշտ դեն էր նետում հին կամ իրեն դուր չեկող իրերը, իսկ ես հավաքում էի: Կարծես ինչ-որ ներքին ձայն հուշում էր, որ դրանք մի օր պետք են գալու: Ու ես չսխալվեցի: Դրանք անպայման կցուցադրվեն Կրկեսի նոր շենքում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031