Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ

Մայիս 01,2015 09:57

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունվեցերորդ

ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ

Քանի որ կյանք կոչվող էս ակնթարթի ավարտը որեւէ մեկս չի տեսել ու չի էլ տեսնելու, կարող ենք վստահորեն ասել, որ մեր էս ներկան ու մեր էս կյանքը ոչ թե ակնթարթ է, այլ՝ հավերժություն, եւ եթե էս մասին Չինգիզ Այթմատովը մտածած լիներ, ոչ թե կգրեր՝ դարից երկար է ձգվում օրը, այլ կգրեր՝ դարից երկար է ձգվում ակնթարթը, բայց Չինգիզ Այթմատովն այլ կերպ չէր կարող գրել, որովհետեւ Չինգիզ Այթմատովն իր վեպի էդ վերնագիրը մեկին մեկ վերցրել էր Բորիս Պաստեռնակից, իսկ Պաստեռնակին խմբագրելու իրավունք որեւէ մեկիս չի տրված, որովհետեւ Պաստեռնակը գրել է այն, ինչ զգացել ու մտածել է, եւ Պաստեռնակին խմբագրելու համար նախ պիտի հասկանաս՝ Պաստեռնակն ինչ է ուզել ասել, բայց Պաստեռնակին հասկանալու համար՝ նախ պիտի Պաստեռնակ լինես ու Պաստեռնակի զգացածը զգաս, բայց Պաստեռնակի զգացածն զգալու համար նախ պիտի Նոբելյանի արժանանաս, եւ դրանից հետո էլ երկրիդ ղեկավարությունը քեզ ստիպի, որ ստացածդ Նոբելյանից հրաժարվես, եւ Պաստեռնակի զգացածն զգալու համար նախ պիտի էսօրվա էս պահից ու էս պահի զգացողություններիցդ կտրվես, մինչդեռ ուշքումիտքներս նախագահական էս անհեթեթ ու անիմաստ ընտրությունն է, որի արդյունքն էս գլխից կանխորոշված է, եւ չնայած արդյունքն էս գլխից կանխորոշված է, եւ չնայած բոլորի համար պարզից էլ պարզ է, որ ամիսուկես հետո, ի դեմս հնի, միանգամայն նոր նախագահ ենք ունենալու, այդուհանդերձ, առավոտից իրիկուն բոլորս էս անհեթեթ ու անիմաստ ընտրությունից ենք խոսում ու բանավիճում, բայց մեզ էլ մեղադրելու չի, որովհետեւ երկրորդ տեղի համար պայքարը երբեւէ էնքան թեժ չի եղել՝ ինչքան հիմա, եւ չնայած նախագահի աթոռի բոլոր հավակնորդներն էլ իրենց ներշնչել ու հավատացրել են, որ բացառապես առաջին տեղի համար են պայքարում, այդուհանդերձ, բոլորն էլ երեւի ներքուստ համոզված են, որ առաջին տեղն էն գլխից զբաղեցված է, եւ եթե մի քիչ խորանանք, հհասկանանք, որ երկրորդ տեղն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի, Բագրատյանի ու Հայրիկյանի կողմից է զբաղեցված, եւ եթե ավելի խորանանք, կհասկանանք, որ, այնուամենայնիվ, երկրորդ տեղը Րաֆիին է բաժին հասնելու, եւ չնայած ազատ դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չեն սատարելու, այդուհանդերձ, իմ ու շատերի կարծիքով, երկրորդ տեղի համար պայքարում Րաֆիի շանսերն անհամեմատ լավն են, քան Պարույրինն ու Բագրատյանինը, մանավանդ որ՝ էս ամանորի ծախսերի հետ կապված՝ շարքային ընտրողն անկախությունն ավելի ու ավելի չսիրեց, առանց հասկանալու, որ ինքը ոչ թե անկախությունը չի սիրում, այլ՝ մերօրյա էս վայրի ու վայրենի կապիտալիզմը, եւ քանի որ շարքային ընտրողն  անկախություն երեւույթը հիմնականում Հայրիկյան երեւույթի հետ է կապում, եւ քանի որ ինքը՝ Հայրիկյանն էլ է  էդ կարծիքին, բնականաբար, պատվավոր երկրորդ տեղի համար պայքարում իր շանսերն ակնհայտորեն են նվազում, եւ նմանապես Բագրատյանի շանսերն են նույն պատճառով նվազում, որովհետեւ մեր ընտրողների մեծ մասը մեր էս վայրի ու վայրենի կապիտալիզմը ոչ միայն անկախության, այլեւ Բագրատյանի անվան հետ է ուղղակիորեն կապում, եւ, փաստորեն, էդ  հանգամանքի շնորհիվ կամ էդ հանգամանքի պատճառով կտրուկ աճում են Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը, եւ չնայած մեր ընտրողների զգալի մասը հայրենադարձներին ախպար է անվանում, այդուհանդերձ, նույն հայրենադարձներին ավելի գրագետ, ավելի ազնիվ ու ավելի հայրենասեր է  համարում, քան՝ տեղացիներիս, եւ պատահաբար, պատեհաբար ու բարեբախտաբար Րաֆֆիի պարագայում հենց էդպես էլ կա, եւ Րաֆֆիի պարագայում լիքը ուրիշ արժանիքներ էլ են գումարվում, եւ դրանցից ամենակարեւորը, թերեւս, ժուժկալությունն է, եւ նույնիսկ Րաֆֆիին չսիրողներն են ընդունում, որ Րաֆֆին գռփող ու թալանչի չի, եւ շատակերության իմաստով էլ ինքը շատերի հետ համեմատելի չի, եւ դրա վկայությունն Ազատության հրապարակի իր բազմօրյա ծոմապահությունն էր, որի ընթացքում ինքը բացառապես ջուր էր խմում, եւ իր էս ու այլ արժանիքները գալիս են վկայելու ու հաստատելու, որ պատվավոր երկրորդ տեղի համար պայքարում ինքը արժանի մրցակից ու հակառակորդ չի ունենա, եւ դա շատերի սրտով կլինի, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մանավանդ վերջերս մեր քաղաքներում ու գյուղերում շատերին է  ձեռքով անձամբ բարեւել, իսկ ինչ վերաբերում է ձեր խոնարհ ծառային, ինձ ոչ միայն անձամբ ճանաչում ու ձեռքով է բարեւում, այլեւ ծննդյանս օրերին իր վարորդի միջոցով շնորհավորագիր է ուղարկում՝ իր կուսակցական բլանկի վրա գեղեցիկ գլխատառերով ու չափազանց գեղեցիկ ոճով գրված, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առումով ամենահետաքրքիրն էն է, որ իր արժանիքներն իմանալով՝ մենք էս աննախադեպ  ընտրապայքարում իրեն ոչ թե առաջին, այլ ընդամենը երկրորդ տեղն ենք կամենում, եւ դրա  պատճառը ոչ թե մեր իշխանասիրությունն է, այլ, ընդհակառակը, մեր մարդասիրությունը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի  մարդկային արժանիքները հաշվի առնելով՝ մենք ի խորոց սրտի ենք խղճում նրան, որովհետեւ ոչ մի կերպ չենք պատկերացնում, որ իր պես զգացմունքային ու փխրուն անձնավորությունը կարող է երկար գոյատեւել Հայաստանի նախագահի աթոռին, եւ չենք էլ հավատում, որ ինքն արատավոր անձնավորություն չլինելով եւ նախագահի աթոռին հայտնվելով՝ կկարողանա վերացնել կոռուպցիան եւ այլեւայլ արատավոր երեւույթները. ավելին. մտածում ենք, որ նախագահի աթոռին հայտնվելու դեպքում ոչ թե ինքը կվերացնի կոռուպցիան, այլ, ընդհակառակը, կոռուպցիան կվերացնի իրեն, որովհետեւ կոռուպցիան ոչ թե նախագահի նստավայրում է բնակվում, այլ նախագահների ու շատերիս հոգիներում, եւ եթե առ էս պահը Րաֆֆի Հովհաննիսյանի հոգում դեռեւս բնակություն չի հաստատել, էդ ամենեւին չի նշանակում թե՝ հետագայում էլ չի հաստատի:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031