Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորների շարքում Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանն էլ են

Մայիս 01,2015 16:00

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀԿ-ին խորհրդարանում
ոչ ոք չի կարող խանգարել «գազի գործն» ավարտին հասցնելու համար:

– Խորհրդարանական «գազի» հանձնաժողովի եզրակացության շուրջ բավական բուռն քննարկումներ եղան: Այնուհանդերձ, եզրակացությունը մի շարք հուզիչ հարցերի պատասխաններ տվել է, ու դրանք ապացուցում են, որ «Գազպրոմի» կողմից չարաշահումներ կան:

– Անմիջապես ասեմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում մեկ առ մեկ ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք կամ չունեինք, կամ էլ կասկածներ ունեինք։ Գլխավոր ինտրիգը սա է. այդ ինչո՞ւ է Հայաստանը գազը 164 դոլարով ստանում սահմանին եւ հայ սպառողին մինչեւ 10000 խմ վաճառում է 320 դոլարով 2015թ. հունվարից ի վեր, իսկ մինչ այդ ստանում էր 189-ով եւ վաճառում 400-ով։ Ուկրաինան, օրինակ, այսօր գազը ստանում է 247 դոլարով եւ վաճառում է միջինը մոտ 270-ով։ 2015թ. ապրիլի մեկից 1 խորանարդ մետր գազի գինն այստեղ 3.6 գրիվնա է կամ 78 դրամ (մինչեւ ամսական 200 խմ սպառման դեպքում) եւ 7.18 գրիվնա է կամ 155 դրամ՝ 200 մետր խորանարդից ավելի սպառման դեպքում։ Այդ գներն այնտեղ գործում են 2015 թվականի ապրիլի մեկից եւ սահմանված են ԱՄՀ կողմից սուբսիդիաները բացառելու պահանջի պահպանմամբ։

– Համեմատելով Ուկրաինայի եւ Հայաստանի սակագնի ձեւավորումները՝ կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչո՞ւ է այնտեղ բնակչության համար գազը 2 անգամ էժան, երբ ՌԴ-ից նրանք գազը ստանում են 50%-ով ավելի թանկ։

– Փորձեմ. դոլարով, 1000 մետր խորանարդի հաշվով հայ եւ ուկրաինացի սպառողների համեմատությունը։ Նկատենք, որ սա մոտավոր է, քանզի բացարձակ համեմատությունները ցանկացած 2 երկրների համար պայմանական են։ Եվ այսպես. առաջին՝ նրանք ստանում են 247 դոլարով, մենք` 164-ով։ Քանի որ Ուկրաինայի գազի ավելի քան 20%-ը սեփական արտադրության է՝ 110 դոլար ինքնարժեքով, ապա այնտեղ գազի բազային գինը դառնում է 219.6 դոլար, միեւնույն է՝ 34 տոկոսով թանկ, քան Հայաստանում։ Տարբերությունը -56 դոլար է հայ սպառողի օգտին։ Երկրորդ՝ մեզ մոտ կա ԱԱՀ, որը կազմում է շուրջ 60 դոլար։

Տարբերությունը դառնում է 0։ Երրորդ՝ մեզ մոտ մանր սպառողը 50 դոլարով ավելի է վճարում (ՀԾԿՀ ընդօրինակել է այդ բուրժուական մեթոդաբանությունը), ինչի արդյունքում հայ բնակիչները ոչ միայն իրենց, այլեւ մասամբ խոշոր բիզնեսի փողն են վճարում։ Այստեղ հայ սպառողը կորցնում է 50 դոլար։ Դարձավ +50 դոլար։ Չորրորդ՝ Հայաստանը գազիֆիկացված է 95%-ով, Ուկրաինան՝ 87%-ով (ՌԴ-ն՝ 63.2%), ինչը բարձր սպառման բացակայության պայմաններում թանկացնում է ինքնարժեքը։ Եվս 16 դոլար։ Դարձավ +66։ Հինգերորդ՝ կորուստները Հայաստանում 5.5% են սահմանած, Ուկրաինայում՝ 2.5%։ Ի դեպ, գազային հանձնաժողովի 4-րդ աշխատանքային խմբի գործունեության շնորհիվ ստացվեցին այս հետաքրքիր տվյալները։ Այս 3%-ը կազմում է 9 դոլար։ Դարձավ +75 դոլար՝ ի վնաս հայ սպառողի։ Հինգերորդ՝ ՀԾԿՀ-ն մեր սակագնի մեջ «Գազպրոմ Արմենիայի» միջին աշխատավարձը հաշվարկել է 1.44 անգամ ավելի, քան ՀՀ-ում միջին աշխատավարձը։

Նկատի ունենալով աշխատավարձի ծախսերի տեսակարար կշիռը՝ սակագնի մեջ սա առնվազն 7 դոլար է 1000 մետր խորանարդի հաշվով։ Դարձավ +82 դոլար։ Վեցերորդ՝ դատելով գազի հանձնաժողովի տվյալներից՝ չնայած գազի սպառման ծավալների իջեցմանը, Հայաստանում բարձր են «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային եւ ընթացիկ ծախսերը։ Օրինակ՝ հաշված է, որ իբր թե ամեն տարի խողովակները ներկվում են։ Բոլորս գիտենք, որ այդպես չէ։ Ի՞նչ են լինում այս փողերը՝ գազի հանձնաժողովը մինչեւ վերջ չի պարզել։ Սա էլ ուկրաինական «Նավթագազի» համեմատ լրացուցիչ 30 դոլար է։ Ի վերջո ստացվում է +112 դոլար՝ ի վնաս հայ սպառողի։ Այդպես էլ կա։ Ներկայումս մենք սպառում ենք 320 դոլարով, իրենք 220-ով, այդ թվում մեծ մասը (մինչեւ 200 խմ սպառողները)՝ 160 դոլարով։

– Ներկայումս շատ է խոսվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին։ Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել այս ոլորտի համար։

– Հանձնաժողովը այս խնդիրը չի ուսումնասիրել։ Ուզում եմ սոսկ մի դիտողություն անել։ ԱՎԾ տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը գնի համեմատ մեկից բարձր է։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության ակտիվությունն աճել է 2.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասել է 12.6%-ով։ Ուրեմն բոլորը ստիպված խնայում են։ Այսօր հասանելի են դարձել էլեկտրաէներգիայի սպառման խնայողության բավականին խնայող միջոցներ։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ներկայումս հանգեցնելու է դրա սպառման կրճատմանն ավելի, քան գնի բարձրացումն է։ Արդյունքում գնի ցանկացած բարձրացման դեպքում ՀԷՑ-երի եկամուտները կրճատվելու են, այլ ոչ թե բարձրանալու։ Տուժողը լինելու է ցածր եկամուտներ ունեցող խավը, որը խնայելու համար միջոցներ չունի։ Ի դեպ, այդ նույն պատճառով անցյալ տարվա ամռանը էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը 38 դրամից 41.85-ի ՀԷՑ-երի տնտեսական վիճակը ոչ թե բարելավեց, այլ վատացրեց։

– Ովքե՞ր ու ի՞նչ կերպ պետք է պատասխաններ տան ստեղծված իրավիճակի համար:

– Նախեւառաջ՝ ՀԾԿՀ-ն (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) է, դրա նախագահը (եթե, իհարկե, վերանանք այն բանից, որ ընդհանուր առմամբ համար մեկ պատասխանատուն իշխանություններն են)։ ՀԾԿՀ-ն պարզապես ծառայում է խոշոր բիզնեսին, սխալ մեթոդաբանությամբ հաշվարկում է սակագինը (վերեւում արդեն ասվեց բնակչության հաշվին բիզնեսին խաչաձեւ սուբսիդավորելու, «Գազպրոմ Արմենիայի» ծախսերն ուռճացնելու, կորուստների եւ այլնի մասին) եւ արդյունքում արդարացնում է չափազանց բարձր սակագներ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մասով։

Կարծիքս միանշանակ է՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մասով սակագին սահմանելու ազատություն պետք է տալ հենց մատակարարներին։ Այս դեպքում այդ մոնոպոլիստները գոնե ստիպված կլինեն, նկատի ունենալով գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը, զգալիորեն ավելի ցածր գին սահմանել։ Այնուհետեւ, իհարկե, պետք է նշել «ՀայՌուսգազարդի» եւ ապա «Գազպրոմ Արմենիայի» երկու ղեկավարներին (նկատի ունի Կարեն Կարապետյանին եւ Վարդան Հարությունյանին-Ն. Գ.)։ Անհասկանալի են եւ անընդունելի ներդրումների, ընթացիկ ծախսերի, շինարարական եւ այլ կապալների մասով վերջիններիս ընդունած որոշումները։ Այստեղ պետք է ուսումնասիրությունները շարունակվեն, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ իրավապահների մակարդակով։

– Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամների հետ պայմանավորվածություններ են եղել` հարցը քաղաքական շահարկումների առիթ չդարձնելու համար, սակայն պայմանավորվածությունը խախտվեց: Ասաց նաեւ, որ ընդդիմադիրներին առաջարկվել է եւս վեց ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը, քանի որ դեռ պարզելու հարցեր կային, բայց ընդդիմադիրները չեն համաձայնվել: Ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ բոլորին հուզող ու վերաբերող այդ հարցը դարձավ քաղաքական շահարկությունների առարկա:

– Ես, ինչպես արդեն ասացի, հանձնաժողովի անդամ չեմ եղել։ Մի երկու անգամ պարզապես գնացել եմ նիստերի։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ելույթ են ունեցել։ Շահարկման մասով ոչինչ ասել չեմ կարող. ներկա չեմ եղել։ Բայց չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել, որ ընդդիմադիրները չպիտի խոսեն։ Համենայնդեպս, կուզենայի իմանալ՝ ընդդիմադիրներն այդ ի՞նչն են շահարկել։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքները շարունակելուն ընդդիմադիրների դեմ լինելուն, իհարկե, ես ինքս կուզենայի, որ հանձնաժողովն իր աշխատանքները շարունակի։

Չեն արվել մի շարք կարեւոր ուսումնասիրություններ՝ 2002-2014թթ. «Գազպրոմ Արմենիայի» գնումները, կապալները, ինքնարժեքի եւ ներկայացուցչական ծախսերի վերլուծությունը։ Ընդդիմադիրներն արտահայտվել են, թե ինչի իրենք չեն ուզում շարունակել աշխատանքը։ Նրանք տեսնում են, որ ՀԾԿՀ-ն, էներգոնախի եւ «Գազպրոմ Արմենիայի» եւ ոչ մի ղեկավար չի ներկայանում հանձնաժողով, պատասխաններ չեն տալիս։ Նրանք նաեւ կարծում են, որ այդ պարագայում հանձնաժողովի կուտակած տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ ըստ նպատակի։ Եղածն էլ բավարար է՝ գործը իրավապահներին հանձնելու համար։ Սակայն մտածում են՝ գործը երբեք էլ չի հանձնվելու իրավապահներին։ Եվ ուրեմն իմաստալից չեն համարում իրենց ներկայությունը (տե՛ս նրանց ելույթները հարցը ԱԺ լիագումար նիստում քննարկելիս)։ Բայց ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի։ Եթե իրոք ուզում են ինչ-որ լավ բան անել եւ գործն ավարտին հասցնել, ապա ոչ ոք նրանց չի խանգարում երկարաձգել հանձնաժողովի կյանքը՝ անկախ ընդդիմադիրների կեցվածքից։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031