Լրահոս
Օրվա լրահոսը

Որ օրը դադարի կենտրոնը գործել՝ շահառուներից 40-ը մուրացկան կդառնա

Մայիս 01,2015 14:30

«Որ օրը որ դադարի այս կենտրոնը գոյատեւել՝ մեր շահառուներից 66-ից շուրջ 40-ը մուրացկան կլինի, քանի որ նրանց մեծ մասը ապրում են աղքատ ընտանիքներում, իսկ եթե մենք ասում ենք՝ Երեւանը մեր դեմքն է, ապա Երեւանի դեմքի վրա պետք է սեւ հետքեր, այսինքն՝ մուրացկաններ չլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Փրկություն» հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը: Հ/կ-ն զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքով: Նպատակն է՝ նրանց հասարակություն ինտեգրելը եւ հասարակությանն ապացուցելը, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները կարող ուժ են: Այդ նպատակով այս կենտրոնում ունակությունները զարգացնող խմբակներ են գործում, որտեղ շահառուները կարողանում են նաեւ իրենց կատարած աշխատանքներով գումար աշխատել:

mtavor2
«Երեխաները իրենց աշխատանքները նաեւ վաճառում են եւ գումար վաստակում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Փրկություն» հ/կ-ի նկարչության խմբավար Անուշ Եղիազարյանը: Կավագործության խմբավարի խոսքերով՝ ուսուցիչները մեծ սիրով են աշխատում այդ երեխաների հետ. «Դժվար է ըմբռնելը, բայց երբ հասկանում են առաջադրված աշխատանքը՝ մեծ ջանասիրությամբ են կատարում»:

Կենտրոնի մասնագետների խոսքերով՝ նպատակն է, որպեսզի մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց մշտապես օգնություն ակնկալողի կարգավիճակում չընկալեն:

Արփինե Աբրահամյանը նաեւ ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո մտավոր խնդիրներ ունեցող երեխաները շատ հաճախ հայտնվում են փողոցում, եւ որպեսզի նման իրավիճակում չհայտնվեն, այս կենտրոնը ապահովում է նրանց ցերեկային խնամքը: Եվ կենտրոն հաճախելով երեխան չի խանգարում ընտանիքի առօրյա գործունեությանը:
Կենտրոնում օրվա առաջին կեսը տարրական գիտելիքներ են ստանում՝ գրում են, թվաբանություն անում եւ այլն: Կեսօրին ուսուցումը ընդմիջում են ճաշով, իսկ հետո, ըստ նախասիրության՝ մասնակցում խմբակների դասերին: Այստեղ գործում են նկարչության եւ բրնձագործության, ձեռագործության, կավագործության, սեղանի թենիսի, թատերական եւ տիկնիկային, համակարգչային տարրական գիտելիքների խմբակներ: Մտավոր խնդիրներ ունեցողների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, սոցիալական աշխատող եւ այլն:

Տիկին Աբրահամյանի ներկայացմամբ՝ ցերեկային խնամք ապահովելու եւ առօրյան կազմակերպելու միջոցով մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ձեռք են բերում ինքնուրույնություն, ճանաչողություն, զարգանում են նրանց հաղորդակցման եւ աշխատանքային հմտությունները:

Երեկ կենտրոնի շահառուները Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով բեմականացում էին կազմակերպել: Միջոցառումից հետո շատերը, որոնք հրավիրված էին որպես հանդիսատես եւ առաջին անգամ էին այս կենտրոնում, զարմացած նշեցին, որ չէին սպասում այդպիսի խաղ:

«Ոչ մի անգամ չէի պատկերացնում, որ այդ երեխաները կարող են, եւ երբ ներկայացրեցին եղեռնի տեսարանը, ես նույնիսկ հուզվեցի, թե ինչպես էին մարսել ու ընկալել այդ պահերը»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Անժելան: Տիկին Նաիրան ասաց, որ այս երեխաների բեմադրած առաջին միջոցառման ժամանակ թերահավատորեն է եկել, իսկ հիմա արդեն ոչ մի միջոցառում բաց չի թողնում եւ հեռանում է հուզված:
Կենտրոնի նկարչության խմբակի սաների 7 նկարներ շուտով կմասնակցեն նաեւ Հաղթանակի օրվան նվիրված ցուցահանդեսին:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031