Լրահոս
Օրվա լրահոսը

Քննվում է վարորդի գործը, որը գազային ատրճանակով կրակել էր բժշկի դեմքին

Մայիս 01,2015 14:00

Հատուկ քննչականն օբյեկտիվ է գնահատում իր քննության արդյունքները

Տեւական ժամանակ է, ինչ քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` այլ մարմինների քրեական գործերը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Առավոտում» ապրիլի 23-ին ներկայացրել էինք հրապարակում, որ վերաբերում էր Հատուկ քննչական ծառայության վարույթներում քննվող մի շարք քրեական գործերին: Տեղեկացրել էինք, որ վերոհիշյալ քրեական գործերով անցնողները Հատուկ քննչական ծառայության սուբյեկտներ չեն:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ գլխավոր դատախազն այլ նախաքննական մարմիններից վերցնում է քրեական գործեր եւ դրանք ուղարկում է քննության հենց Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ ՀՔԾ-ի, կան քրեական գործեր, որոնք բացահայտվում են կայծակնային արագությամբ եւ կան գործեր, որոնք կարճվում են ու «լռվում» արխիվներում:
Ներկայացնենք մի քրեական գործ, որը քննվել է ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչությունում, եւ որն արդեն Հատուկ քննչական ծառայության վարույթում է քննվում:

Այսպես՝ «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:

2014 թվականի մարտի 21-ին էլ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ, մեր տեղեկություններով, կարճ ժամանակ անց կարճվել էր՝ հանցագործության կազմի բացակայության պատճառաբանությամբ եւ նախաքննական մարմինը որոշում էր կայացրել գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Մեր հարցմանը՝ երեկ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործով վարույթը վերացվել է, եւ գործը փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ուղարկվել է քննության Հատուկ քննչական ծառայություն:

Մեր տեղեկություններով՝ անգամ հիշյալ գործով անցնող անձանցից երկուսը ձերբակալվել են հենց խուլիգանություն կատարելու կասկածանքով, մինչդեռ այլ նախաքննական մարմին գործով հանցակազմ չէր նկատել ու կարճման որոշում էր կայացրել:

Սա առաջին ցայտուն օրինակն է: Այս քննությունը Հատուկ քննչականը համարում է արդյունավետ եւ օբյեկտիվ:

Հատուկ քննչական ծառայության քննվող քրեական գործերի մեծ մասը հասնում է դատարան, ինչը, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ քրեական գործերը քննվում են օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի:

Ի դեպ, մեր նախորդ հրապարակման մեջ բարձրացվել էր այն հարցը, թե ինչո՞ւ են այս կարգի քրեական գործերը քննվում հենց Հատուկ քննչական ծառայությունում, այն դեպքում, երբ ՀՔԾ-ի սուբյեկտ հանդիսացող անձինք գործով չեն անցնում:

ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, որ համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ հստակ մատնանշված է. «Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն»:

Իսկ ահա Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»:

Օրենսդիրի այս հոդվածին հղում անելով՝ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ մի քանի տասնյակ քրեական գործեր են վստահվել Հատուկ քննչական ծառայությանը:

Այս օրերին էլ Հատուկ քննչական ծառայությունն ավարտեց ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի (նա առավել հայտնի է «ԴՈԳ» մականունով) կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Վարդան Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել եւ ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամի շորթումը:

Ըստ ՀՔԾ-ի. «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Ա. Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը եւ իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Ա. Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր»: Ի դեպ, Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել եւ 2013թ. օգոստոսի 22-ին եւ 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազար ՀՀ դրամ:

Բազմադրվագ այս քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031