ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հ. Տեր-Ադամյանի նախագահությամբ, շարունակվում է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու եւ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի վարույթը կարճվել էր բժիշկների նկատմամբ համաներման ակտի կիրառման հիմքով: Բողոքի քննությանը ներկայացել էին ամբաստանյալ բժիշկները՝ Մինաս Մկրտչյանը եւ Միքայել Միքայելյանը, մեղադրող Անահիտ Եղիազարյանը: Բողոքաբերը ներկա չէր:
Նախագահող Հ. Տեր-Ադամյանը վերաքննիչ բողոքի քննությունը տուժողի իրավահաջորդի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ հարց ուղղեց դատավարության մասնակիցներին:
Մեղադրող Ա. Եղիազարյանը նշեց, որ քանի որ քննվում է վճռաբեկության կարգով, բողոքաբերի բացակայությունը խոչընդոտ չէ նիստն առանց նրա քննելու համար: Միեւնույն ժամանակ, միջնորդեց բողոքը քննել տուժողի իրավահաջորդի բացակայությամբ՝ հրապարակելով նրա վերաքննիչ բողոքը: Ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում գործի ձգձգման պատճառը տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի բացակայություններն են մշտապես եղել: Սա պնդեցին նաեւ Մինաս Մկրտչյանն ու նրա պաշտպան Լեւոն Պողոսյանը: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով տուժող կողմին ներկայացնել բողոքը: Նախագահող Հ. Տեր-Ադամյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի չներկայանալու դեպքում դատարանն այդ մասով համապատասխան որոշում կկայացնի:
Կարդացեք նաև
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվեց 2015թ. մայիսի 12-ին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
30.03.2015