Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնջախաղի լոկոմոտիվը տղամարդիկ են»

Մայիս 01,2015 13:00

Ըստ մնջախաղաց Ինա Հախնազարյանի,
կանայք էլ գեղագիտական լեցունության «մեղավորն» են

Մնջախաղացի ներկայացնելիս հաճախ զուգահեռներ է անցկացվում բալետի արտիստի, դրամատիկ թատրոնի դերասանի եւ համերգային կատարողի գործունեության հետ: Ասվածը որոշ վերապահումներով համընկնում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնում շուրջ 15 տարի ստեղծագործող մնջախաղաց Ինա Հախնազարյանի (լուսանկարում) բեմական կենսագրությանը:

Ina_Haxnazaryan_2

Ինա Հախնազարյանը՝ «Թռիչք»-ում:

Արվեստագետը 2001թ. միաժամանակ ավարտել է Մնջախաղի պետական թատրոնի ստուդիան (Ժիրայր Դադասյանի արվեստանոց) եւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ որպես տիկնիկավար եւ դրամատիկ թատրոնի դերասան (Ռուբեն Բաբայանի արվեստանոց): Նույն թվականից էլ Ինա Հախնազարյանը ծառայում է երկու մասնագիտություններին միաժամանակ: Արտիստին իբրեւ մնաջախաղաց հանդիպել ենք «Շերանիկ», «Թռիչք», «Չարի ծաղիկները», «Գիրք ծաղկած», «Դեւ», «Այծ-ծես», որպես տիկնիկավար էլ՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», «Սխալների կատակերգություն», «Աստղի տակ», «Թեւավորը» եւ այլ ներկայացումներում:

«Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ո՞ւր մնաց ձեռք բերած դրամատիկական թատրոնի դերասանի մասնագիտությունը, մեր զրուցակիցն ընդամենը հայտնեց, թե որպես դիպլոմային աշխատանք մարմնավորել է Վարյայի կերպարը՝ Չեխովի «Բալենու այգի» ներկայացման մեջ:

Այն կարծիքին, թե մնջախաղի եւ բալետային արվեստի միջեւ ընդհանրություններ կան, Ինա Հախնազարյանն ասաց, որ այդ երկու արվեստներն էլ եւ մոտ են մեկմեկու, եւ տարբեր: Հետո էլ մանրամասնեց. «Հոգին, զգացմունքը բալետում ներկայացվում են պարի լեզվով, իսկ մնջախաղում՝ ժեստի»:

Ina_Haxnazaryan_3

Տեսարան «Չարի ծաղիկներ» ներկայացումից:

Մնջախաղի համաշխարհային արվեստում տղամարդկանց հանրահայտ անուններ են՝ Մարսել Մարսո, Ժան Լուի Բարրո, Լադիսլավ Ֆիալկա, Լեոնիդ Ենգիբարյան, Իլյա Ռուդբերգ եւ այլն, բայց ոչ մի կնոջ անուն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ արվեստագետն ասաց. «Մնջախաղում ուժը բովանդակության մեջ է, որի լոկոմոտիվը, բնականաբար, տղամարդիկ են: Իսկ կանայք, իհարկե, իրենց բարձրակարգ արվեստով, պահպանում են գեղագիտական լեցունությունը»:

Ինա Հախնազարյանը իրեն փորձում է նաեւ ռեժիսուրայի բնագավառում: «Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանն աշնանը ինձ հրավիրեց աշխատելու իր նախաձեռնությամբ հիմնված թատրոնում, ուր ընդգրկված են միայն խլություն ունեցող դերասաններ: Տեր Եսային տարիներ շարունակ ուսումնասիրել է ժեստերի լեզուն եւ հիմնել այդ թատրոնը: Այս ընթացքում տարբեր առիթներով հանդես ենք եկել բեմականացումներով, իսկ գալիք աշնանը՝ թատրոնի հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ հանդիսատեսին կներկայանանք բեմադրությամբ»,- հայտնեց Ինա Հախնազարյանը: Հանրահայտ մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանի առիթով այսօր Մոսկվայի տանը կայանալիք երեկոյին մեր զրուցակիցը հանդես կգա դասական մնջախաղի մանրապատումով՝ դերասան Աղասի Մելքոնյանի ընկերակցությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031