Վստահեցնում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը
Հայկական լրատվամիջոցներում ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ հայտնի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վարկանիշը, ըստ որի՝ Հայաստանը գտնվում է 135-րդ տեղում եւ առաջատար դիրքերում է գտնվում Ադրբեջանի ու Ռուսաստանի համեմատ: Ըստ Freedom House-ի՝ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գտնվում է «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ» մամուլի սահմանագծին: Այս իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փորձագետ Էլեն Աղեկյանը, որը անդրադարձել է Հայաստանին, հայտնել է, որ մենք «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ» մամուլի սահմանագծին ենք գտնվում ավանդական խնդիրների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ թշնամական վերաբերմունքի եւ մամուլում քիչ թվով անկախ ձայների պատճառով: Փորձագետը իր խոսքում կարեւորել ու դրական է համարել այն, որ Հայաստանում, լրատվական դաշտում շատացել են ինտերնետային լրատվամիջոցները: Փորձագետը Հայաստանի վերաբերյալ այլ կարծիքներ էլ է հայտնել:
Այս առիթով «Առավոտը» զրուցեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, կարծիք հարցնելով նրանից, ինչի առնչությամբ էլ Բորիս Նավասարդյանն ասաց, որ ծանոթ է տարածված նյութին, սակայն կասկածում է նրա ճշմարտացիությանը: Բորիս Նավասարդյանը կարծում է, որ նյութի սխալ փոխանցում կամ թարգմանություն է եղել. «Սա մեր լրատվամիջոցների փոխանցմամբ է, այնպես որ, ես համոզված չեմ, որ դա ճիշտ է: Շատ է լինում, որ մեկը մյուսից վերցնում է ու ժամանակին եւ ճիշտ չեն կողմնորոշվում՝ դա հին, թե նոր զեկույց է եւ այլն»:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այն, որ մենք առաջատար ենք Ադրբեջանից ու Ռուսաստանից, այստեղ նորություն չկա, որովհետեւ տարիներ ի վեր, ըստ նրա, Հայաստանն ավելի բարձր տեղերում է հայտնվում բոլոր այն կազմակերպությունների վարկանիշային զեկույցներում, որտեղ անդրադարձ է կատարվում խոսքի ազատությանը, ու իր կարծիքով՝ սա փոփոխության ոչ դրական, ոչ էլ բացասական արտացոլում է: Իսկ այն, որ Freedom House-ի զեկույցում Հայաստանը 135-րդ տեղում է գտնվում, Բորիս Նավասարդյանը նշում է, որ դա ոգեւորվելու առիթ չէ, ինչ է թե՝ Ադրբեջանից առաջատար ենք. «Տեղերն ամեն դեպքում մի փոքր պայմանական ցուցանիշ է, մենք կարող ենք լինել ցանկացած տեղում, բայց եթե բավարարված ենք մեզ մոտ մամուլի ազատության վիճակով, կարող ենք առանձնապես չտխրել: Խնդիրը նրանում է, որ հենց բավարարվածության համար շատ քիչ հիմքեր կան Հայաստանում: Մենք տեսնում ենք, որ հեռարձակվող լրատվամիջոցները գտնվում են համարյա տոտալ վերահսկողության տակ, գործադիր իշխանության:
Կարդացեք նաև
Մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են լինում ինտերնետի ազատության հետ կապված, որոնք գալիս են հիմնականում Ռուսաստանի ազդեցության տակ ու այդ ազդեցությունը հատկապես ուժեղացել է մեր՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, որովհետեւ ինտերնետի կարգավորման այն ստանդարտները, որ այսօր գոյություն ունեն Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, կարող են տեղափոխվել նաեւ Հայաստան»: Անդրադառնալով ինտերնետ լրատվամիջոցների շատացմանը, ու հարցին՝ արդյոք քանակը ապահովո՞ւմ է որակ, Բորիս Նավասարդյանը հետեւյալն ասաց. «Միանշանակ չի կարելի ասել, որ սա դրական երեւույթ է, համենայնդեպս, մեծ քանակն ասում է նրա մասին, որ բազմազանության համար ավելի մեծ հիմքեր կան, բայց մյուս կողմից էլ՝ մեր ժուռնալիստական եւ լսարանի ռեսուրսը սահմանափակ է, մենք փոքր երկիր ենք եւ եթե այդ ռեսուրսը այդպես ցրվում է, բնականաբար՝ դա չի նպաստում այդ ինտերնետային լրատվամիջոցների որակի համապատասխան բարձրության վրա լինելու համար»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2015