Վարվեցողության կանոնների համաձայն՝ սեղանի շուրջը նստում են փոքր-ինչ առաջ թեքված, աթոռի ամբողջ նստատեղին, այլ ոչ թե ծայրին։ Ոտքերը սեղանի տակ չեն մեկնում, իսկ սեղանին կարելի է հենել միայն ձեռքերի դաստակները, բայց ոչ երբեք արմունկները։ Ուտելիս երկու ձեռքն էլ պետք է սեղանի վրա լինեն, եթե նույնիսկ ուտում են մեկ ձեռքով։ Ուտում եւ խմում են հանգիստ, անաղմուկ։ Տաք ապուրը եւ ըմպելիքները չեն փչում` անկրթության նշան է։ Ուտելիս գլուխը մի փոքր իջեցնում են եւ պատառաքաղը կամ գդալը մոտեցնում բերանին։ Ուտելիքի մեծ պատառներ բերանը չեն դնում, ուտելիս ծամում են բերանը փակ։ Բերանը լիքը չեն խոսում, չեն ծիծաղում։
Երբ մատուցվում է կերակուրը, անձեռոցիկը վերցնում են ափսեի միջից, երկտակ ծալած ղնում ծնկներին։ Ուտելիքը վերցնում են սկուտեղի վրա դրված ընդհանուր գդալով կամ պատառաքաղով։ Ընդհանուր պատառաքաղը չպետք է կպցնել սեփական ափսեին։ Ուտելիքը վերցնում են ամանի մի կողմից՝ առանց խառնելու կամ ընտրելու պատառները։ Պետք է աշխատել, որ ուտելուց հետո ափսեն դատարկ լինի։ Ուստի հարկավոր է ափսեի մեջ վերցնել այնքան կերակուր, որքան պատրաստվում եք ուտել։
Վերցնելով շիշը կամ ջրամանը՝ նախ առաջարկում եք սեղանակից հարեւանին` առավել ուշադիր լինելով սեղանակից կնոջ հանդեպ։
Սեղանի շուրջ հարկավոր է շատ զգույշ լինել, որպեսզի ուտելիքներով կամ խմիչքներով սփռոցը եւ սպասքը չկեղտոտվեն, իսկ եթե անզգուշորեն կոտրում եք որեւէ իր, հարկավոր է հնարավորին չափ աննկատ, որպեսզի շրջապատի ուշադրությունը չբեւեռվի ձեզ վրա, ներողություն խնդրել տանտիրուհուց։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2015