Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար էր Ցեղասպանությանը նվիրված որևէ բան նկարելը». Նազիկ Ասլանյան

Ապրիլ 30,2015 23:50

«Ակադեմիա» պատկերասրահում այսօր բացվեց գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի «Եղիցի լույս» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ներկայացված 17 կտավներում ծաղիկներ են պատկերված: Ծաղիկը, նկարչուհու խոսքով, կյանքի խորհրդանիշ է:

«Իմ գեղանկարչության հիմնական փիլիսոփայությունը լույսն է: Ամեն մի կտավ իր մեջ լույս է պարփակում, կապ չունի՝ ինչ եմ պատկերել: Լույսը պայքարում է չարիքի, խավարի, մթության դեմ: «Եղիցի լույս» եմ անվանել Ցեղասպանությանը նվիրված այս ցուցահանդեսը, որովհետև ցեղասպանությունը չարիք է, և այս համատեքստում այդ անվանումը հնչում է իբրև պայքար ու կոչ՝ եղիցի լույս»,- ասաց Նազիկ Ասլանյանը:

Ցուցահանդեսում ներկայացված կտավները նկարչուհին ստեղծել է 8-9 տարվա ընթացքում, իսկ դրանցից մեկը հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ է վրձնել. «Կակաչ է: Այս ծաղիկը տարբերվում է մյուս ծաղիկներից նրանով, որ անհանգիստ է: Այդ կտավում փորձել եմ անհանգստություն ցույց տալ, քանի որ Եղեռնի ժամանակ մի տեսակ խանգարվել, խախտվել են բնության, կյանքի օրենքները»,- ասաց Ն. Ասլանյանը:

Այս կտավն ստեղծելիս գեղանկարչուհին այլ զգացմունքներ է ունեցել. «Դժվար էր նկարել Ցեղասպանությանը նվիրված որևէ բան: Կարծես անընդհատ մեջս ինչ-որ բան էր խախտվում, որը, կարծում եմ, արտահայտվել է նաև նկարում»:

Նկարչուհու մայրը՝ արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը, Aravot.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ ինքը կարողանում է օբյեկտիվ աչքով նայել դստեր աշխատանքներին. «Ես երկար տարիներ զբաղվել եմ արվեստաբանությամբ, և երբ խոսքը նկարին է վերաբերում, շատ խիստ եմ: Պարզ ասում եմ՝ սա լավ է, սա՝ ոչ այնքան: Նա կարող է ընդունել, կարող է չընդունել, բայց մեծամասամբ չի ընդունում: Ընդհանրապես, նկատել եմ, որ նկարիչները չեն սիրում արվեստի քննադատներին. նրանք իրենց աշխարհն ունեն, իրենց կարծիքը, զգացողությունները, և դժվար է ասել՝ որն է ճիշտ»,- ասաց Կ. Հակոբյանը:

Ցուցահանդես այցելած Արմենուհի Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը, շատ բարձր է գնահատում Նազիկ Ասլանյան մարդուն և արվեստագետին. «Նա շատ քնքուշ էակ է, և այդ քնքշությունը նրա ստեղծագործություններում էլ է արտահայտվում»,- ասաց նա:

«Կանայք ինչպես կյանքում են նրբանկատ, նրբազգաց, այնպես էլ իրենց արվեստում,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց լրագրող, արվեստաբան Էմանվել Մանուկյանը,- Նազիկի մոտ էլ կա այդ նրբությունը, բայց մի տեսակ ավելի բուռն է. կանայք, երբեմն, անհավասարակշիռ են լինում, չէ՞, «պայթուցիկ». այ այդ կանացի ուժն եմ զգում նրա գործերում»:

Արվեստասեր Ռուբեն Ավետիսյանին էլ նկարչուհու գունազգացողությունն է գրավել. «Նազիկն այսօր իսկապես շատ հետաքրքիր գույներով է մեզ ներկայանում: Եթե մարդը ոչ միայն տեսնում է գույնը, այլև զգում, ուրեմն կայացած նկարիչ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տեղեկացնենք, որ «Եղիցի լույս» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 10-ը:

Իսկ Նազիկ Ասլանյանի հաջորդ անհատական ցուցահանդեսը նախատեսված է աշնանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930