Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. Ընդդիմադիր կուսակցություններից միայն «Շարժում 88»-ը հնարավորություն ունի խորհրդարան մտնել

Ապրիլ 30,2015 21:05

Լեռնային Ղարաբաղում ավարտին է մոտենում նախընտրական քարոզարշավը: «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփեց քարոզարշավի ընթացքը:

«Ընդհանուր առմամբ, քարոզարշավն անցավ օրենքի սահմաններում, ամենակարեւորը՝ մրցակցային: Բոլոր կուսակցությունների համար ստեղծվել են հավասար պայմաններ թե’ քարոզարշավի կազմակերպման, թե՛ սեփական ծրագրերի ներկայացման եւ թե՛ ընդհանրապես այդ ամբողջ նախընտրական ծրագիրը կազմակերպելու համար: Կարծում եմ՝ մենք հասնելով եզրագծին, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք այս ամբողջ քարոզարշավը կազմակերպել ժողովրդավարական երկրին համահունչ: Համոզված ենք, որ այդ ընտրություններն անցնելու են օրենքի տարրի համաձայն: Իհարկե՛, ընդդիմադիր որոշ կուսակցություններ հայտարարել են ճնշումների եւ խախտումների մասին, բայց համենայնդեպս մենք որեւէ կուսակցությունների կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ հիմնավորումներ, փաստեր չենք տեսել. Դրանք միայն սահմանափակվել են հայտարարությունների տեսքով, ոչինչ ավելին»,- ասաց նա:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ կուսակցության՝ քաղաքացիների հետ ունեցած բոլոր հանդիպումները եղել են մարդաշատ. «Դա մեկ անգամ եւս փաստում է, որ «Ազատ հայրենիքը» մեծ ժողովրդականություն է վայելում: Դա մեզ վստահեցնում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ժողովուրդը մեզ տալու է իր վստահության քվեն եւ միանշանակ, լինելու ենք առաջատար քաղաքական ուժ: Դա առաջին հերթին մեզ մեծ պատասխանատվություն է տալիս՝ շարունակելու մեր սկսած ծրագրերը եւ հետամուտ լինելու այս ընթացքում հնչեցրած մեր նախընտրական խոստումներին»:

Անդրադառնալով արցախյան ընդդիմությանը՝ Վահրամ Պողոսյանն ասաց, որ փոքր պետություններում ընդդիմությունը մեծ ճակատով չի մասնակցում ընտրություններին, այդ պատճառով՝ նրանց հաջողությունների հասնելու հավանականությունը մեծ չէ. «Իմ կարծիքով՝ այս ընտրությունները բացառություն չեն լինելու: Ընդդիմադիր հայացքներ ունեցող չորս կուսակցություններից կարծում եմ՝ ընդամենը մեկ կուսակցություն հնարավորություն ունի խորհրդարան մտնել: Բայց ամեն դեպքում՝ վերջնական գնահատականը տալու է ժողովուրդը»:

Հարցին, թե ո՞րն է այդ կուսակցությունը, նա պատասխանեց՝ «Շարժում 88»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան կիրակի՝ մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930