2014թ. Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավար ընտրվեց Վարդան Գրիգորյանը: 36-ամյա գյուղապետն այժմ գյուղի դպրոցում շաբաթական 14 ժամ անգլերեն է դասավանդում,քանի որ գյուղում անգլերենի մանկավարժ չկա: «Ամեն օր դպրոցում դասաժամեր ունեմ, դասերից հետո գյուղապետարան աշխատանքի եմ գնում»,-ասաց Վ. Գրիգորյանը:
Նա 2001-2003թթ. սովորել է Իջեւանի պետական քոլեջում ՝ ստանալով ֆինանսիստի որակավորում, 2006-2011թթ. հեռակա սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետը: Վ. Գրիգորյանը 2002-2014թթ. Աղավնավանքի դպրոցում ուսուցիչ է աշխատել, իր մասնագիտական առարկաներից զատ որոշ ժամանակ նաեւ հասարակագիտություն է դասավանդել: 289 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը հայտնեց, որ իր դասավանդած բոլոր առարկաների գծով մասնագիտական վերապատրաստում է անցել:
Լուսանկարը՝ hetq.am կայքի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ