Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է անվտանգ ապրել Գյումրիում, երբ տան մեջ մարդկանց մորթում են, ու սպանությունները մնում են չբացահայտված: Մենք հարցրեցինք, թե ի վերջո ո՞վ պիտի անվտանգության երաշխիք տա գյումրեցիներին՝ ոստիկանապե՞տը, երկրի նախագա՞հը, ո՞ւմ է դիմել քաղաքապետը գյումրեցիների մոտ ստեղծված վախի մթնոլորտը փարատելու:
«Ես ՝ որպես քաղաքապետ, բնական է, որ դատապարտում եմ նման դեպքերը, բայց իհարկե, չի կարելի ասել, թե միայն Գյումրիում են սպանություններ լինում: Ուղղակի արտառոց էր Ավետիսյանների դեպքը, որը մեծ հնչեղություն տվեց քաղաքի անվան հետ կապված: Հանցագործությունը իրավապահ մարմինների տիրույթում է, պետք է կարողանան բացահայտել ու հետագայում կանխել նման դեպքերի կրկնությունը: Իհարկե, բացահայտումը քաղաքապետարանին վերապահված չէ, մենք «ՏԻՄ օրենքով» մեզ վերապահված գործառույթներն ենք իրականացնում, իսկ մնացածը, բնականաբար, համապատասխան մարմինների, իրավապահների խնդիրն է, որոնք պարտավոր են բացահայտել»,- ասաց քաղաքապետը:
Մեր այն հարցին՝ իսկ Դուք՝ որպես պահանջատեր, հանդես չե՞ք գալիս: «Բոլորս ենք պահանջատեր, ոչ միայն քաղաքապետը, այլ բոլոր գյումրեցիները պիտի պահանջատեր լինեն, որ քաղաքում հանցագործությունները հնարավորինս քիչ լինեն, կարողանանք խաղաղ ապրել, դուրս գալ մեր երեխաների հետ, շրջել քաղաքով, գիշերները հանգիստ քնել»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Իսկ ի՞նչն է փոխվել ավանդապաշտ, տարեցներին հարգող Գյումրիում, որ 90 տարեկան կնոջը կարող են հացի սեղանի վրա դանակահարելով սպանել:
Կարդացեք նաև
«Մեր քաղաքում, եւ ոչ միայն մեր քաղաքում, այլ հանրապետությունում սոցիալական խնդիրներ ունենք, սոցիալական խնդիրներն են նմանատիպ դեպքերի առիթ հանդիսանում: Մոր ու աղջկա հետ կապված հետեւելով լրատվությանը՝ տեղեկացա, որ տանը գումար են ման եկել, ակնհայտ է, որ սոցիալական խնդիրներն են ծնում նման հանցագործություններ: Եթե մարդը չի կարող որեւէ տեղից ինչ-որ բան հայթայթել, գնում է նման քայլի, խոսքս, իհարկե, հանցագործների մասին է: Ավետիսյանների դեպքը ամենավատն է, այդպիսի հանցագործություն որեւէ մեկը չէր սպասում, մանավանդ գիտեք հայ-ռուսական հարաբերությունները քաղաքում միշտ լավ են եղել դարերի ընթացքում»:
Մեր այն հարցին, թե որպես քաղաքապետ հավատո՞ւմ եք, հույս ունե՞ք, որ Ավետիսյանների սպանությունը կբացահայտվի, Սամվել Բալասանյանը հիշեցրեց, որ Գյումրու ավագանին ուղերձ է հղել ու պահանջել երկրի դատախազից արդար քննություն անցկացնել, իսկ դատական գործընթացը լինի թափանցիկ, բաց: «Ես այս ամենը ներկայացրել եմ նաեւ Պետդումայի համապատասխան մարդկանց, որոնք հանձնաժողով են ստեղծել եւ աշխատում են: Ես իմ հարցերն առաջ եմ քաշել: Ես մեր հղած ուղերձում էլ քաղաքապետ-պահանաջատեր եմ, պահանջել ենք, որպեսզի լինի շատ թափանցիկ, որպեսզի հասարակությանը հասկանալի լինեն մութ հարցերը. նախաքննության փուլում է , տեսնենք ինչ կլինի», – ասաց քաղաքապետը:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ինչ-որ բան կաշկանդո՞ւմ է քաղաքապետին անվտանգության երաշխիք պահանջել երկրի նախագահ Սերժ Սարգսյանից. չէ՞ որ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը մի քանի անգամ առաջարկ է ներկայացրել Գյումրու ավագանու անունից ուղերձ հղել նախագահին, սակայն եղել են դեպքեր, երբ նրա մշակած նախագիծը ավագանու նիստերի օրակարգում անգամ չի ընդգրկվել, քաղաքապետն ասաց, որ դա ավագանու որոշելիքն է: Թեեւ, ըստ նրա, իրենք գտնում են, նախագահն Սահմանադրությամբ արդեն իսկ անվտանգության երաշխավորն է: Քաղաքապետը մնացած հարցերի շուրջ խորհուրդ տվեց հարցնել հե՛նց Լեւոն Բարսեղյանից:
Սամվել Բալասանյանը մտադրվա՞ծ է համալրել «Հանրապետական» կուսակցության շարքերը, ինչպե՞ս է վերաբերում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից հ/կ հիմնելու ու ՏԻՄ-ի գործառույթներ իրականացնելու, տվյալ դեպքում Գյումրու երկրորդական փողոցները ասֆալտապատելու մտադրություն ունենալուն, այս հարցերի շուրջ Գյումրու քաղաքապետի պարզաբանումները ընթերցեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ավելացրեք բալասանյանի ու իրա սուրբ տղու թիկնապահ ջանդակապհների սպանությունները , որոնց պատճառով մարդիկ 12 տարվա ազատազրկման են դատապարտված, այ թե ոնց են փոխում քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը, ըշտը եկավ փոխեց էլի բալասանյանը , որ բալանսից սավսեմ ընկել է, բերել է Բոշի սադի մեջ գերեզմանային ձեռքեր է դրել ու կսե “բերեք ծափահարենք’, բերեցինք ըշտը էլի, որ գյուզալմ Սայաթ-Նովայի ձեռքից թառը գցել է`արձանը էդպես է դրել: խեղճ աշուղի երեսն էլ էնքան փոքր է սարքել տվել, ինչ-որ չամիչ էղնի