«Եթե դու ինչ-որ մեկից հող ես պահանջում, նա սկսում է զինվել ու քեզ թշնամաբար վերաբերվել: Ուստի պետք է պահանջատիրության մասին հստակ խոսել»,-այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվող «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը Ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով քննարկմանը այսպիսի մտահոգություն հայտնեց «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Հարցին՝ արդյոք մարտահրավերները ՀՀ-ի համար չավելացա՞ն այն բանից հետո, երբ Թուրքիան դեսպանին հետ կանչեց, պարոն Տեր-Գաբրիելյանը նկատեց. «Կարող է ինչ-որ վտանգ ստեղծվել, բայց մյուս կողմից ժամանակավորապես դեսպանին հետ կանչելը դիվանագիտության մեջ սովորական պրակտիկա է: Հետո այդ դիվանագետները, որպես կանոն, հետ են գալիս»:
Դառնալով Հայոց ցեղասպանության և Գալիպոլիի հարցում ՀՀ-ի և Թուրքիայի հաջողված PR-ին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասաց. «Եթե սա համարենք երկու PR-ների մրցակցություն, բնականաբար հաղթեց Հայոց ցեղասպանության տարելիցի նշման «PR»-ը: Սա, չնայած իր քաղաքականացված բնույթին, զուտ դեպք է, որի շուրջ շատերը համախմբվում են: Գալիպոլին էլ է զուտ դեպք, բայց այնտեղ եղան նենգափոխումներ, օրը փոխվեց, նույնիսկ մասնակիցների կազմը նենգափոխվեց»:
Գևորգ Տեր-Գաբրիելյանին մտահոգում է, որ պահանջատիրությունը դառնա մեր գլխավոր թեզը, որի պատճառով տարածաշրջանում առանց այդ էլ ոչ կայուն վիճակը կապակայունանա:
Կարդացեք նաև
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը բացասական է գնահատում այն միտումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը դառնում է մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը. «Իհարկե, մեր արտաքին վեկտորներից մեկը պետք է լինի ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը, բայց, ցավոք, վերջին երկու տարում ՀՀ ամբողջ արտաքին քաղաքական վեկտորն ուղղված է ցեղասպանության ճանաչման գործընթացին: Դա ունի ներքին շարժառիթներ՝ երկրի ներսում ծանր իրավիճակներից շեղելու համար միգուցե օգտագործվում է այս խաղաթուղթը»:
«DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը ներկայացրեց հասարակության շրջանում գրանցված տրամադրությունները. «Ընդհանուր առմամբ ցեղասպանության ճանաչման հետ կապված հայ հասարակությունը մեծամասամբ կողմնակից է կառավարության պահած գծին: Անկախ նրանից, թե հայ-թուրքական հարաբերություններն ինչ ուղով կընթանան, մարդկանց մեծ մասի համար ցեղասպանության ճանաչումը մնում է առաջնային հարց, և ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունն արտացոլում է հասարակությունում տիրող տրամադրությունները»:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանը նշեց. «Թուրքիայի՝ տնտեսական գործընկեր լինելու կարևորությունը շատ երկրների համար շարունակվում է պահպանվել»: Տիկին Մանասյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել՝ ումի՞ց, ի՞նչ, ե՞րբ ենք պահանջում հարցերի պատասխանները: Նա կարևորեց քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը՝ երկրորդ շերտի դիվանագիտությունը: Ըստ նրա՝ եթե թուրքերը սահմանը բացեն և տան ելք դեպի ծով, կլինի խելամիտ որոշում:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է թուրքական հասարակության վերափոխմամբ, թուրքական իշխանության վրա արտաքին ճնշումների ազդեցությամբ. «ԼՂ հակամարտության խնդրի ֆոնի վրա հարցը դիտարկելով՝ արձանագրենք, որ Թուրքիան է փակուղու առաջ, նա իրեն մեկուսացնում է միջազգային գործընթացներից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»