ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարն արտագնա աշխատանքային հանդիպում է անցկացրել մարզպետարանում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի համայնքների ղեկավարների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է մարզի ջրամատակարարման և ոռոգման հիմնահարցերին, քննարկել տարբեր համայնքներում առկա բնապահպանական խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները: Հատկապես ընդգծել է ջրօգտագործող ընկերությունների գործունեությունն օրինական դաշտ բերելու, ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը ՀՀ կառավարության թիվ 218-Ն որոշմամբ սահմանված կարգով ՋՕԸ-երից պահանջել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:
Նախարար Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նախորդ տարվանից Արարատի և Արմավիրի մարզերում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, նշելով. «Իրականացված աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց իրականացնել ստորերկրյա ջրային պաշարի զգալի խնայողություն, որը թույլ կտա առաջիկայում կայունացնել և բարձրացնել անխնա վատնված ջրային պաշարը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է»:
Կարդացեք նաև
Նախարարը համայնքների ղեկավարներին է ներկայացրել նաև ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության կողմից իրականացվող «Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը գործնականում կիրառելի դարձնել Հայաստանում» ծրագիրը, որով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 40.000հա դեգրադացված հողատարածքների ուսումնասիրություն և ծրագրային առաջարկների մշակում: Այս շրջանակներում մարզպետ Ղահրամանյանն առաջարկել է համայնքների ղեկավարներին տրամադրել տեղեկատվություն գյուղերում առկա նմանատիպ հողերի ծավալի վերաբերյալ և ներկայացնել առաջարկություններ:
Տանձուտ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև համայնքի հողատարծքներում առկա լքված ավազի և քարի հանքերին, որոնք գտնվում են բարձիթողի վիճակում և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: Ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը հայտնել է. «Այո’, հանքարդյունաբերությամբ զբաղվող որոշ ձեռնարկությունների աշխատանքներում կան խնդիրներ, մասնավորապես՝ ընդերքօգտագործողները ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջները` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար վճարները և հանքի փակման մոնիթորինգի վճարները չիրականացնելով և չկատարելով նախագծերով նախատեսված բնապահպանական միջոցառումները` ավարտում են շահագործումը: Շահագործման փուլն ավարտած կամ լքված հանքերը գտնվում են ՀՀ բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում, և մենք քայլեր ենք ձեռնարկում նմանատիպ հանքերի հետագա ռեկուլտիվացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»:
Աշխատանքային քննարկումներից և համայնքների ղեկավարների հարցերին պատասխանելուց հետո նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին:
Խորհրդակցությունից հետո Արամայիս Գրիգորյանը տեղում դիտարկում է անցկացրել նաև «Որդան կարմիր» արգելավայրում, որտեղ պահպանվում է այս հազվագյուտ էնդեմիկ տեսակը, ծանոթացել արգելավայրի իրավիճակին, ընդգծել տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու, մասնավորապես` ցանկապատելու անհրաժեշտությունը:
ՀՀ բնապահպանության նախարարություն