Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ գործով «Առավոտին» բերմա՞ն ենթարկել

Ապրիլ 30,2015 17:55

Ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարան դիմած «Առավոտի» զրուցակիցը՝ Նարինե Սարգսյանի եւ Հրանտ Սուվարյանի գործով բողոքաբերը գրել է. «Երբ միջնորդեցինք, որպեսզի դատական նիստերին անպայման մասնակից դարձնել «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը, դատարանը հայտարարեց, որ բերման ենթարկելու իրավունք չունի եւ երրորդ կողմի բացակայության պայմաններում կատարված քննության արդյունքում դատարանը եզրահանգեց, որ Լեմբերիկ Խաչատրյանը, որը որեւէ խոսք չի ասել լրագրողին, եւս զրպարտություն է կատարել, այն դեպքում, երբ «Առավոտ» օրաթերթում հրապարակված պատասխանողների կողմից չընդունված փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը պետք է կրեր երրորդ անձը՝ «Առավոտը»:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, այնուհետեւ Վերաքննիչ դատարանում բավարարվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցը: Նրանք դիմել էին դատարան՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի եւ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու մասին, որով խնդրել են պարտավորեցնել պատասխանողներին՝ թե օրաթերթում, թե նույնանուն էլեկտրոնային կայքում հերքել տարածված ապատեղեկատվությունը եւ պարտավորեցնել պատասխանողներին՝ յուրաքանչյուր հայցվորին վճարել 300.000-ական ՀՀ դրամ զրպարտության համար, 250.000-ական՝ փաստաբանի վարձատրության գումարը եւ 16.000՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: «Առավոտին» հարցազրույց տված Սուսաննա Դավթյանի եւ Լեմբերիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ ընդդեմ վճռաբեկ դատարանի որոշման: Բացի տարածքային վեճի հետ կապված եւ դատարան ներկայացված փաստաթղթերից, բողոքաբեր կողմը հանգել էր այն եզրակացման, որ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի մի որոշման հետ կապված՝ (նախադեպային) «ոտքից գլուխ շուռ է տվել տվյալ որոշման ամբողջական բովանդակությունը եւ ծաղկաքաղ անելով որոշակի եզրույթներ, դրանք հարմարեցրել է իր կողմից կայացված անհիմն եւ անօրինական վճռին, ինչի արդյունքում հանգել է հետեւության, որ պատասխանողների բերված պատճառաբանություններն անհիմն են եւ հայցապահանջը մերժելու հիմք չեն կարող հանդիսանալ»:

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական եւ դատավարական նորմերի պահանջների կոպիտ խախտմամբ, որոնք ազդել են վերջնական ելքի վրա: Յու. Խաչատրյանը նաեւ նշել էր, որ 31.10.2014թ. դատաքննության ընթացքում նախագահող դատավորը կողմերի ներկայությունը ստուգելու ժամանակ ընդհանրապես չի անդրադառնում երրորդ անձի ներկայության կամ բացակայության հարցին եւ այդ պայմաններում շարունակում է դատաքննությունը:

«Սույն դատական նիստի ժամանակ մեր կողմից հնչեցվել են այն բոլոր փաստերը, որոնք հիմք են տվել մեզ՝ գործով պատասխանողներիս, գնահատող դատողություններ անել, որ պատասխանողների կողմից կառուցված եւ պետական մարմնի համապատասխան որոշմամբ մեր անվամբ ձեւակերպված ավտոտնակը խաբեությամբ անցնում է հայցվորի տիրապետման տակ: Նույն նիստի ընթացքում նախագահող դատավորը սույն գործով անցնող քաղաքապետի որոշումը հրապարակելիս խեղաթյուրում է նշված որոշման բովանդակությունը եւ ընթերցում է հայցվոր կողմի շահերին ձեռնտու ձեւով, այսինքն՝ ոչ թե ընթերցում է որոշումը ինչպես որ կա, այլ ցանկալին ներկայացնում է իրականության տեղ»,- նշել էր բողոքաբերը:

Ներկայացնելով թե առաջին ատյանի, թե Վերաքննիչ դատարանի սխալները (իրենց բնորոշմամբ), «որպես արված արտահայտություններ, պատասխանող կողմին վերագրել է նաեւ «Առավոտ» օրաթերթի լրագրողի կողմից հոդվածին դրված հարցական իմաստով վերնագիրը, այն է՝ «Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլում» արտահայտությունը: Հարց է առաջանում. ինչո՞ւ են այդքան ջանացել դատարանները եւ իրենց հայտնի հանգամանքները խեղաթյուրել»:

Բողոքում կա նաեւ մի այսպիսի առարկություն՝ «Նախագահող դատավորը մերժեց մեր կողմի միջնորդությունը՝ «Առավոտին» որպես պատասխանող ներգրավելու համար, անտեսելով մեր կողմի պնդումը, որ օրաթերթի վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած «ապօրինի» եւ «խլել» բառերը լրագրողի կողմից են ավելացվել, իսկ դատարանն իր վճռում հիմնավորած է համարել, որ նշված արտահայտությունները արվել են պատասխանողների՝ այսինքն մեր կողմից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Այս բողոքի տրամաբանությունից ելնելով, մեզ մնում է հարցնել՝ ի՞նչ է, բողոքաբերը սպասում էր հայցվորը դատարան դիմեր ու այնտե՞ղ ասեր, որ «ապօրինի» եւ «խլել» բառերը ավելացվել է լրագրողի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930