Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հայտարարությունից հետո, որ ատոմակայանը փակել է ՀՀՇ-ն, բացելու մասին առաջինը բարձրաձայնել է Վազգեն Մանուկյանը, Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը պարզապես դատափետեցին նրան՝ պատմական փաստերն աղավաղելու եւ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու դիմաց՝ ՀՀՇ-ին վարկաբեկելու համար:
Նրանց ելույթներին Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Վարկաբեկիչ արտահայտություններին գոնե կոռեկտ արտահայտվեմ: Ասում են՝ բացակաների նկատմամբ կամ ոչինչ, կամ միայն դրականը: Ես չեմ հետեւի անգլիացիների հորդորին տվյալ դեպքում: Ոմանք կարծում են, թե տիեզերքը պտտվում է իրենց շուրջը: Թույլ տվեք չհամաձայնվել, կներեք: Պատմությունը որեւէ մեկի սեփականությունը չի: Մենք ապրել ենք այդ օրերը, երբ ինձ զգում եմ մեր անցյալի համար պատասխանատու: Ընդ որում՝ ոչ թե ձեռքբերումների, այլ բացթողումների եւ սխալների համար՝ ի տարբերություն ոմանք: Դրանով է պայմանավորված, որ ինձ թույլ չեմ տվել անցածի վերաբերյալ, արածի վերաբերյալ բարձրաձայնել»:
Նա ասաց, որ ճիշտ է, երբ արածիդ մասին ուրիշներն են խոսում. «Գնացեք մեր սերնդի ցանկացած ներկայացուցչի հարցրեք՝ ո՞վ փակեց ատոմակայանը: Ի՞նչ կապ ունի, թե ինչ նպատակով փակվեց: Ես պատմությո՞ւն եմ կեղծում, փորձում եմ սրանով հպարտանալ կամ ուրախանա՞լ: Ես ցավ եմ ապրում, որ այդպես է եղել»:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ շատերը երազում էին վարչապետ լինել, իսկ ինքը հրաժարական է տվել, որովհետեւ այդ բարբաջով չի ապրել: Հրաժարական է տվել բացառապես քաղաքական դրդապատճառներով. «Ջուրը քար է ծակում եւ այս ամբիոնն օգտագործում են՝ հընթացս պատմությունը սրբագրելու համար: Եղբայրներ, լավ, ամենաապաշնորհ վարչապետ Խոսրով Հարությունյանին հաջորդեց ամենաորակյալ կառավարությունը: Նույն 93-ի օգոստոսին մենք ունեցել ենք 1058 տոկոս ինֆլյացիա: Այդպիսի ինֆլյացիա չի եղել աշխարհի որեւէ երկրում: 93-ի ապրիլին ժողովուրդը դուրս էր եկել փողոց եւ պահանջում էր՝ Լեւոն, հեռացի՛ր: Ո՞վ էր արել, ո՞վ էր պատճառը: Ո՞վ իրենց ձեռք մեկնած ժողովրդի ափի մեջ թքեց՝ կոմունիստ Խոսրով Հարությունյա՞նը, թե՞ ՀՀՇ-ականները՝ իրենց ամբարտավան կեցվածքով»:
Կարդացեք նաև
Հետո նա պարզաբանեց, թե ինչու է ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում. «Ես ՀՀԿ-ի ցուցակի մեջ ընդգրկվել եմ իմ մասնագիտական, քաղաքական փորձառության շնորհիվ: Ինձ որեւիցե այլ առաջարկ չի արվել: Ցավում եւ ափսոսում եմ: Իրերը պետք է իրենց անունով կոչել: Եթե 93-ից հետո այդքան լավ էր, ապա ինչո՞ւ էր այդքան վատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ