Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վեճ՝ ԱԺ-ում. Խոսրով Հարությունյանին դատափետեցին՝ ՀՀՇ-ին վարկաբեկելու, ՀՀԿ-ի ցուցակ մտնելու համար

Ապրիլ 30,2015 17:31

«Ես ելույթ չէի ունենա, եթե…Ես 3 տարի առաջ այս ամբիոնում ասել եմ, որ չեմ անդրադառնա բոլոր նրանց, որոնք իշխանական ցուցակներով իշխանություն են գովերգում եւ պարտավորվածություն ունեն ընդդիմությանը քննադատելու, ես նրանց չեմ պատասխանելու: Այսօր այդ խոստումս խախտում եմ, որովհետեւ այս էլ որերորդ անգամ է ՀՀՇ-ի վրա փորձում են ստվեր գցել, փորձում են կեղծել իրականությունը»,- այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան այսպես պատասխանեց Խոսրով Հարությունյանի քննադատությանը, որ ՀՀՇ-ն է փակել ատոմակայանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում մասնավորապես ասել էր՝«Ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ: Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է: Փակվել է ե՛ւ ատոմակայանը, ե՛ւ «Նաիրիտը»: Սա իրողություն է, պատմական փաստ: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ` Վազգեն Մանուկյանը ստանձնեց պատասխանատվությունը ատոմակայանը գործարկելու, նա ստանձնեց համարձակություն այդ պայմաններում հայտարարել ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին: Երբ նա խոսում էր այդ մասին, Մելիք Ադամյան փողոցում հավաքված ժողովուրդը բղավում էր՝ ամոթ, ամո՛թ: Բայց նա բարձրաձայնեց դրա մասին: Իրողությունը սա՛ է»:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ Ղարաբաղյան շարժման, անկախության նկատմամբ թերարժեքության, անվստահության, անկախության արժեքն ու վարկը փնովելու քաղաքականություն է որդեգրվել, եւ ինքը պարտավոր է իր կենսագրության, մեր ժողովրդի լավագույն ձեռքբերումների տարիները պաշտպանել այդ կեղծիքներից. «Ցավալի է, որ այդ կեղծիքը հաճախ արվում է մարդկանց կողմից, որոնք մեր իշխանության ժամանակ պաշտոններ են գրավել, գովերգել են, ծրագիր են իրականացրել, եւ, ըստ նրանց, աշխարհը շուռ է եկել այն ժամանակվանից, երբ իրենք պաշտոնից զրկվել են: Դա ինքնամերժում է, սեփական կենսագրության մերժում, որն ըստ արժանվույն պետք է պատասխանվի: Եթե Վազգեն Մանուկյանը հիմա իշխանության կողմն է, Հրանտ Բագրատյանը՝ ընդդիմադիր, հարկավոր է այնպես անել, որ Հրանտը սխալ է, Վազգենը՝ ճի՞շտ: Վազգեն Մանուկյանն էլ նույն ՀՀՇ վարչության նախագահն էր: Եկեք օրվա թելադրանքով չասենք՝ որը ճիշտ էր, որը՝ սխալ էր»:

Անդրադառնալով ատոմակայանի փակմանը՝ Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ դա երկրաշարժից հետո էր, մի ամբողջ ժողովուրդ ահաբեկված էր. «Վախենում էին, որ երկրաշարժ է լինելու եւ ատոմակայանից կարող էր հոսք լինել: Վարչապետ եղած մարդը այստեղ կանգնում եւ ասում է, որ միայն ճնշման արդյունքո՞ւմ է փակվել: Հիմք չկա՞ր փակելու: Եղել է, չէ՞: Ասում եք՝ «Ղարաբաղ» կոմիտեի ճնշման տակ… «Ղարաբաղ» կոմիտեն այդ ժամանակ նստած էր, պարոն Հարությունյան, նստած էր եւ շարժումը կանգնած էր, երբ Ռիժկովի ստորագրությամբ որոշում կայացվեց»:

Արամ Մանուկյանը համաձայնեց Խոսրով Հարությունյանի հետ միայն «Նաիրիտի» մասով. «Նաիրիտի» հարցով ճիշտ եք, եղել է ճնշում: Մենք ունեինք մի խնդիր՝ Ղարաբաղի հարցի լուծման համար ճնշում գործադրել կենտրոնական իշխանության վրա: 2 միութենական հիմնարկ ունեինք՝ «Նաիրիտը» եւ ատոմակայանը: Իհարկե, «Նաիրիտի» համար եղել է ճնշում: Ասեք ճիշտը: Իմ ձեռքի տակ կա «Նաիրիտի» վերագործարկման համար Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի ստորագրությամբ նամակը: Հասանք նրան, որ «Նաիրիտը» դարձավ հայաստանյան ենթակայության հիմնարկ եւ ուժը կորցրած համարվեց ԳԽ որոշումը՝ «Նաիրիտի» փակվելու մասով: Սա է իրականությունը: Եկեք կամ կիսատ-պռատ չասենք, կամ ասենք իրականությունը»:

Իր ելույթի վերջում Արամ Մանուկյանն ասաց. «Հանուն պատեհության, հանուն սեփական բիզնեսի, հանուն բարեկամներին գործի տեղավորելու՝ ինչքա՞ն կարելի է ասել շնորհակալություն՝ ցուցակում ընդգրկվելու համար: Ոչ մեկդ չհամարձակվեք մեր ազատագրական շարժման զարթոնքի, անկախության տարիների վրա բիծ գցել, կեղտ գցել: Չե՛մ թողնի: Քննադատեք, սխալներ ասեք, բայց մի՛ կեղծեք, թույլ չեմ տա: Մեր ժողովուրդը հաղթանակ է տարել եւ ուզեք թե չուզեք, դա ղեկավարվել է ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակ: Մի՛ մոռացեք ձեր կենսագրությունը, մի՛ թքեք ձեր անցյալի վրա, նաեւ մեր անցյալի վրա»:

Նրան արձագանքեց Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, որ անկախությունն էլ պետականությունն էլ մենակ ձերը չի եւ քննադատությանը հանգիստ վերաբերվեք, մի բորբոքվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930