Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկնարկում են երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար սեմինարներ

Ապրիլ 30,2015 17:17

«Մեդիա կենտրոն», ապրիլի 30, 2015 թ.: Մայիսի մեկին Երևանում կմեկնարկի «Սեմինարներ երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար» նախագիծը, որն իրականացնում է լեհական Chórtownia հիմնադրամը: Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկանալու են The Sound of Europe II նախագծին: Միջոցառման ժամանակ ներկայացվելու է նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է հարթակ՝ մեկտեղելու տարբեր երկրների երգչախմբերի մասին տեղեկատվությունը:

Այս առիթով «Մեդիա կենտրոն»-ի տաղավարում ապրիլի 30-ին հյուրընկալվել էին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ Նախագահ Գայանե Բաղդասարյանը,  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, Chórtownia հիմնադրամի նախագահ Յուստինա Դյուման, Մոլդովայի «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան, Սիլեսկի համալսարանի Ակադեմիական Երաժշտական Անսամբլի գեղարվեստական ղեկավար Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան և Chórtownia ֆոնդի տնօրեն Ջերզի Վոզնիակը:

«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ն, ինչպես նշում է կազմակերպության նախագահ Գայանե Բաղդասարյանը, կարևորում է հայկական երգչախմբերի համագործակցությունը արտասահմանյան կազմակերպությունների հետ: «Մեր երգչախմբային արվեստը, համագործակցելով արտասահմանյան կառույցների հետ, նոր դպրոց է ներմուծում Հայաստան, որով կարող ենք նաև ներկայանալ աշխարհին: Այս սեմինարի շրջանակներում Երևանում կանցկացվեն շնորհանդեսներ և վարպետաց դասընթացներ, որին հրավիրում ենք մասնակցել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են», – տեղեկացրեց Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ նա կարևորեց The Sound of Europe II նախագիծը, որի շրջանակում թողարկվել է ձայներիզ և տարածվել տարբեր երկրներում: «Հայաստանի նկատմամբ ցուցաբերվել է հատուկ մոտեցում և մեր երկիրը ձայներիզում ներկայացված է չորս երգչախմբերի կատարումներով», – նշեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ նախագահը:

Հայաստանում կարևորում են նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է տարբեր երկրների երգչախմբերի, ինչպես նաև նրանց միջոցառումների մասին տեղեկատվության մեկտեղման հարթակ: «Կայքը մեկ տարի առաջ է ստեղծվել: Մեր գլխավոր նպատակն է միավորել երգչախմբային արվեստը, որպեսզի մարդիկ շփվեն միմյանց հետ, ճանաչեն միմյանց մշակույթները, հանդիպեն մշակութային դաշտում: Կարելի է ասել, որ սա նաև տեղեկատվական բազա է», – նշեց Chórtownia ֆոնդի նախագահ Յուստինա Դյուման:

Կայքում արդեն գրանցված են ավելի քան 800 երգչախումբ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելոռուսից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նրանք կարող են գտնել գործընկերներ, հայտարարել համերգների կամ փառատոնների մասին:

Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Chórtownia հիմնադրամի ներկայացուցիչները բացատրում են հայկական մշակույթի հարստությամբ և երգչախմբային արվեստի զարգացման համար տեսանելի ներուժով: «Մենք շատ հետաքրքրված ենք Հայաստանով: Այն շատ հետաքրքիր երկիր է հատկապես լեհերի համար: Մեզ համար այցը Հայաստան նաև հնարավորություն է գալ և ճանաչել ձեր մշակույթը, որն ամենահին մշակույթներից մեկն է», – պարզաբանեց Յուստինա Դյուման՝ հավելելով, որ հայկական կողմի հետ արդեն իսկ ուրվագծվում են ապագային միտված համագործակցության նոր հեռանկարներ:

Մոլդովայի «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան հավելեց, որ ցանկությունը մեծ է Հայաստանի երգչախմբերին տեսնել միջազգային հարթակներում: «Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է և երբեք այս միջազգային փառատոնին ներգրավված չի եղել: Մեզ համար միևնույնն է սիրողական երգչախմբեր են, թե պրոֆեսիոնալ: Մենք շատ ենք ցանկանում Հայաստանին նույնպես հրավիրել», – ասաց բանախոսը:

Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան այցը Հայաստան համարում է առաջին քայլը՝ ծանոթանալու հայաստանյան երգչախմբային դիրիժորների հետ:  «Սա հնարավորություն է ծանոթանալու առաջին հերթին երգչախմբային դիրիժորների հետ և լսելու նրանց: Ես էլ ունեմ սիրողական երգչախումբ», – հավելեց նա:

Chórtownia հիմնադրամի հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ, նշում է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, եղել է շատ վաղուց: «Բավականին երկար ժամանակ է, ինչ նախագծվում էր այս այցը: Այսօրվա միջոցառումների շարքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիմնադրամը կարևորեց, որ ձայներիզում Հայաստանից ավելի շատ երգչախմբեր ներկայացված լինեն: Յոթ երկրների շարքում Հայաստանը ներկայացնում է երգչախմբային հանրությանը մեր բազմաշերտ պատմությունը», – պարզաբանեց նա:

Երևանում անցկացվելիք վարպետաց դասերը, ըստ Շերոյանի, շատ կարևոր են Հայաստանի հատկապես մարզերի երգչախմբային դիրիժորների համար՝ փորձի փոխանակման տեսանկյունից: «Հենց այդ պատճառով մենք քաջալերում ենք բոլորին մասնակցել վարպետաց դասընթացներին և կայքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի մեկին՝ ժամը 10:00-ին Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում», – եզրափակեց նա:

 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Լուսանկարը`  «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930