Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց. «Հաճախ այս ամբիոնն օգտագործվում է ոչ վաղ անցյալի պատմությունը հմտորեն սրբագրելու համար»: Նրա այս հայտարարությունն ուղղված էր Հրանտ Բագրատյանին, որն իր խոսքում անդրադարձել էր ատոմակայանի վերագործարկման պատմությանը եւ պատմական որոշմանը:
Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Հիշենք, որ ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ: Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է: Փակվել է ե՛ւ ատոմակայանը, ե՛ւ «Նաիրիտը»: Սա իրողություն է, պատմական փաստ: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ: Վազգեն Մանուկյանը ստանձնեց պատասխանատվությունը ատոմակայանը գործարկելու, նա ստանձնեց համարձակություն այդ պայմաններում հայտարարել ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին: Երբ նա խոսում էր այդ մասին, Մելիք Ադամյան փողոցում հավաքված ժողովուրդը բղավում էր՝ ամոթ, ամո՛թ: Բայց նա բարձրաձայնեց դրա մասին: Իրողությունը սա՛ է»:
Հրանտ Բագրատյանը, լսելով Խոսրով Հարությունյանի հայտարարությունները, հակադարձեց նրան շատ կոշտ: Նա առաջարկեց նիստերի դահլիճից դուրս գալ եւ արխիվից հանել, թե ով է կայացրել այդ որոշումը. «Կան փաստեր: Մենք կարող ենք դուրս գալ, գնալ գրադարանի դիմացով: Ատոմակայանի վերագործարկման որոշումը կայացրել է ԳԽ-ն՝ 1991-ի մարտին, վարչապետ, ձեր խոնարհ ծառա Հրանտ Բագրատյանի նամակի հիման վրա: Բան չունեմ ասելու, պարոն Հարությունյան, բարի լինեիք, դուք բացեիք: Բարի լինեիք, 40 տոկոսանոց անկում ցույց չտայիք: Այդ մութ ու ցուրտ տարիները, որ ասում եք, դա եղել է 92-ից հետո: Ոչ ոք իրավունք չունի այստեղից այդպիսի բան ասել: Եկեք իրար հետ գնանք գրադարանում նայենք՝ երբ է ընդունվել վերագործարկման որոշումը: Ես ինձ վրա պատասխանատվություն վերցրել եմ»:
Նա դիմեց Խոսրով Հարությունյանին. «Ես չեմ ասում դուք ոչինչ չեք արել: Ես ասում եմ այն, ինչ ես եմ արել: Ատոմակայանը փակելու գործում ՀՀՇ չի եղել: Ոչ ոք իրավունք չունի այստեղ չեղած բաներ ասելու: Լավ կլիներ այս ամենի մասին ավելի մանրամասն պատմության գրքերում ֆիքսեին: Իրար գլուխ չարդուկենք, չաքլորանա՛լ: Կարող ենք գնալ գրադարանում նայել այս որոշումները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ