Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպությունը ապրիլի 30-ին հրապարակել է Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատման 2014 թվականի զեկույցը: Զեկույցի շնորհանդեսին ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա իր խոսքում հայտարարեց, որ չկա մի երկիր կամ տարածաշրջան, որտեղ կոռուպցիան գոյություն չունենա. «Ես վստահ եմ, որ Հայաստանը բացառություն չէ: Կոռուպցիան կապված է երկրի թերզարգացման հետ եւ շատ բացասական հետեւանքների է բերում: Կոռուպցիան նաեւ քաղաքական հետեւանքներ է թողնում հասարակության վրա»:
Նա նշեց, որ հաջողության հասնելու համար ճանապարհը դժվար է լինելու, բայց Հայաստանը պետք է վստահ լինի, որ Եվրամիությունը համապատասխան ինստիտուտներին իր աջակցությունը ցույց կտա: Ըստ Հրիսթեայի՝ հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է միաժամանակ մի քանի ոլորտներում առաջ գնա. «Առանց քաղաքական հանձնառարության միազգային հանրության եւ դոնորների ջանքերն անարդյունավետ կլինեն: Այդ պատճառով՝ Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները»:
Տրայան Հրիսթեան հավելեց, որ Եվրամիությունը Հայաստանում չէ դասախոսի կարգավիճակում լինելու համար. «Մենք այստեղ ենք, որպեսզի ներկայացնենք մեր փորձը, միաժամանակ նաեւ հարգելով ինքնիշխանության իրավունքը եւ հայ ժողովրդի քաղաքական ընտրությունը»:
Դեսպանը նկատեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դեռ պայքարում է եւ քննադատական միտք ունեցող քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում այդ խնդիրներին: Նա համարում է, որ քաղաքացիական հասարակությունը սպասում է, թե երբ գործադիրը կտարածի օրակարգը. «Այդ պատճառով ԵՄ-ն աջակցություն է ցույց տալիս քաղաքացիական հասարակությանը, որպեսզի նրանք կարողանան վերականգնել գործադիր մարմնի հետ երկխոսությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ