Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ԱԺ նիստում պատասխանեց այն հարցադրումներին, որոնք հնչեցրել էին պատգամավորները՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2026-ը երկարաձգման համաձայնագրի քննարկման ժամանակ:
Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Խաչատուր Քոքոբելյանը քննադատել էին համաձայնագիրը, որով ամրագրված է, որ մոտ 270 մլն դոլար պետք է ծախսվի, այդքան վարկ պետք է վերցնենք, բայց դեռ որեւէ հստակ հաշվարկ չի արվել:
Արեգ Գալստյանի մեկնաբանությամբ՝ «Ուղղակի յուրահատկություն կա այս ծրագրի եւ բոլոր այն վարկային ծրագրերի, որոնք մենք բերել ենք եւ հաստատվել են ԱԺ-ում: Մյուս համաձայնագրերում մենք կարողանում էինք նախահաշիվ կազմել եւ շատ փոքր շեղումներով ինչ գումար վերցնում էինք, կարողանում էինք ներդրում իրականացնել, իսկ այստեղ իրավիճակը լրիվ այլ է: Որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, մենք պետք է ներգրավենք խիստ նեղ մասնագիտական ռեսուրսներ, հիմնականում՝ ՌԴ-ից»:
Արեգ Գալստյանն ասաց, որ եթե էներգաբլոկի շահագործման ժամկետը չերկարաձգվի, դա սակագնի վրա միանշանակ ազդեցություն կունենա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է 270 մլն դոլար վարկին, Արեգ Գալստյանը նշեց, որ ՌԴ-ն կտրամադրի այդ վարկը եւ 30 մլն դոլար էլ դրամաշնորհ: Վարկի տոկոսադրույքը տարեկան 3 տոկոս է, մայր գումարի մարումը պետք է լինի 10 տարվա ընթացքում:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են վարկը դոլարով վերցնում եւ ոչ ռուբլով: Նա նաեւ հարցրեց՝ ո՞վ է մարելու, պետությո՞ւնը, թե՞ ատոմակայանը, փոխնախարարը պատասխանեց. «Մենք ունենք հնարավորություն վարկի սպասարկումն իրականացնել ոչ միայն դոլարով, այլեւ ռուսական ռուբլով: Դա համաձայնագրում ամրագրված է: Վերադարձը կարվի դոլարով թե ռուբլիով՝ ոչ մի խնդիր չկա, դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ՝ ՌԴ-ի եւ ՀՀ կառավարության: Ակնհայտ է, որ վարկն իր արտացոլումը կգտնի սակագնի մեջ: Նախնական գնահատմամբ՝ բեռը կլինի 2.5 դրամ՝ 1 կիլովատ էլեկտրաէներգիայի համար»:
Հովհաննես Մարգարյանն էլ մտահոգություն հայտնեց՝ եթե դոլարի փոխարժեքը փոխվի, այդ հաշվարկած բեռը՝ 2.5 դրամը կավելանա, դուք այսօրվա՞ փոխարժեքով եք այդքան հաշվել: Արեգ Գալստյանն էլ պատասխանեց, որ բնականաբար, այսօրվա փոխարժեքով են հաշվել, իսկ թե վարկը վերադարձման ժամանակ ինչ կլինի՝ ոչինչ չի կարող ասել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ