Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

Ապրիլ 30,2015 15:39

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ  գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան –Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին: Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015թ. մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ օրինագիծ, միջազգային հինգ պայմանագրի վավերացում:

Դրոշմապիտակավորման օրենքը ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ նիստի օրակարգ է ներառվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին հավանություն տալու հարցը: Գործող օրենքով ս.թ. մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ: Վարչապետն առաջարկել է ՓՄՁ-ներին հնարավորություն տալ մինչև հունիսի 1-ը իրացնելու առանց դրոշմապիտակի ապրանքները՝ մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի: Նիստում հավանություն ստացած այս հարցը ընդգրկվելու է Ազգային ժողովի ս.թ. մայիսի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգ:

Կլուծվի զինծառայողի բուժման հարցը

Նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին: ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով զինծառայողն արտերկրում բուժման կուրս անցել է, բայց այն բավարար չի եղել ապաքինման համար: Այժմ քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ու կառավարության անդամներն իրենց աջակցությունը կցուցաբերեն, որպեսզի Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի:

Կստեղծվի պրոբացիայի ծառայություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին: Մեր երկում պրոբացիոն ծառայություն չկա, սակայն վերջինիս բնորոշ մի շարք գործառույթներ իրականացնում են այլ ստորաբաժանումներ: Պրոբացիայի կիրառումը  ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունը ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է: Ըստ հայեցակարգի, այդպիսի ծառայություն է ստեղծվելու ՀՀ արդարադատության նախարարության կազմում: Հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակության մասնակիցների  մի մասն այն կարծիքի էր, որ պրոբացիայի սկզբունքները պետք է  ներդնել ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ հարցը դեռ քննարկվելու է և որևէ հրատապ որոշում չի կայացվելու: «Կարծում եմ, որ այս ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա հիմք չի տալիս, որ մենք շտապենք և սխալ թույլ տանք: Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը և այն տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում», – եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

Հասցեական աջակցություն կցուցաբերվի պատերազմի վետերաններին

ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության  և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նախատեսվում է ստեղծել առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի նպատակներն են կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները և այլն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ  կառավարության  և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համաֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին իբրև համաֆինանսավորում հատկացնել 434 հազար 500 եվրո: Ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշների ներդրմանը, մեկնարկել է 2013 թվականին և կավարտվի 2015թ. մայիսի 31-ին:

ԵՏՄ-ն կպայքարի մտավոր սեփականության իրավունքի խախտման դեմ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Նախատեսվում է ստեղծել գործուն իրավական հիմքեր, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մտավոր սեփականության իրավունքի խախտման կանխարգելմանն օժանդակելու համար: ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության շնորհիվ կեղծված ապրանքների ներկրումը միասնական մաքսային տարածք զգալիորեն կնվազի:

«Աստանա էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցության ապահովման և դրա կազմակերպման աշխատանքի ընդհանուր համակարգման նպատակով կառավարությունը գլխավոր հանձնակատար է նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ազգային օպերատոր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը: «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսում կներկայացվեն կանաչ էներգետիկայի զարգացման մարդկության լավագույն ձեռքբերումները: Ակնկալվում է, որ ցուցահանդեսն ուրույն հարթակ կդառնա ցուցադրելու երկրի պատմությունը և մշակույթը, փոխանակելու նորարարական գաղափարներ և նվաճումներ, ներկայացնելու երկրի մոտեցումները ապագայի համընդհանուր խնդիրների լուծման գործում:

Պարզեցվում են իրավական ակտերը

Այսօրվա նիստում կառավարությունը ևս երեք որոշմամբ գործի է դրել «կարգավորիչ գիլյոտինը»: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկով ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր նախկին որոշումներից մեկի հավելվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրին: Արտոնությունից օգտվող անձը հնարավորություն է ստացել «մեկ պատուհանի» սկզբունքով դիմել մեկ մարմնի, կրճատել փաստաթղթերի կրկնակի ներկայացումը և ժամկետը, տեղեկանքները ձեռք բերել առցանց եղանակով:

Մեկ այլ որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» ավելի վաղ կնքված համաձայնագրի հավելվածը: Արտոնությունից օգտվողն այս դեպքում ևս շահում է «մեկ պատուհանի» սկզբունքից և մյուս հարցերի պարզեցումից, զերծ մնում ավելորդ վարչարարությունից:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած երրորդ նախագիծը վերաբերում է հողային հարաբերությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերին և միտված է հստակեցնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու ժամկետը, սահմանել դիմումի ձևը: Որոշման ընդունմամբ գործադիրը բարելավել է ոլորտի կարգավորման և ձեռներեցության պայմանները, նպաստել տնտեսվարող սուբյեկտների ծախսի կրճատմանը:

Կատարելագործվում է շահումով խաղերի կազմակերպման բնագավառը

ՀՀ կառավարության ընդունած որոշումներից հինգն ուղղված է շահումով խաղերի կամ խաղատների, վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանը: Մասնավորապես, սահմանվել են կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոն զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություն և փաստաթուղթ ներկայացնելու կարգը և դրանց ձևը, ներդրվել խաղային գործի արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ, բարձրացվել վերահսկողության արդյունավետությունը, կառավարության համապատասխան որոշումները համապատասխանեցվել «Վիճակախաղի մասին» և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներին:

Երևանի շրջակայքում կանտառապատվի 15 հա տարածք

2011թ. հաստատվել էր Երևանի անտառապետության «Էրեբունու» անտառտնտեսության 51 հա տարածքի անտառապատման ծրագիրը: 20.5 հեկտարի անտառապատումն ամբողջությամբ ավարտված է: Ծրագրի երկրորդ  փուլի 31 հա տարածքի անտառապատումը դեռևս հնարավոր չի եղել իրականացնել՝ Ազատի ջրամբարում ջրի սակավության պատճառով, ուստի աշխատանքի կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: 2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը: Կոտայքի մարզի 100 հա անտառային տարածք կվերականգնվի կոճղաշվային վերաճի օժանդակման միջոցով: Այս աշխատանքների կատարման համար կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշման իրականացմամբ հնարավորություն կընձեռվի 2015թ. հանրապետություն ներկրել 257 գլուխ տոհմային երինջ, որոնք և դրանցից ստացված սերունդը կօգտագործվեն տավարաբուծության զարգացմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքներում:

Արդիականացվում են օրենքում առկա հասկացությունները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բուսական աշխարհի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, բնակավայրերի կանաչ գոտիների չափերին ու կազմությանը, հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և այլն:

Գործադիրը քննարկել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա առաջարկել է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին: Կառավարությունը բազմաթիվ հիմնավորումներով մերժել է պատգամավորի առաջարկը և այն ոչ նպատակահարմար համարել:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է կառավարությանը հարցով դիմելու ժամանակ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր, այնուհետև՝ գրավոր հարցերը, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Կառավարության եզրակացության նախագիծը բացասական էր, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հարցի լուծումը թողնել պատգամավորների հայեցողությանը՝ այն պատճառաբանությամբ, որ կառավարությունը պատրաստ է պատասխանել պատգամավորների  ցանկացած՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցի: «Ինչ որոշում էլ կայացնի Ազգային ժողովը, մեզ համար ընդունելի կլինի», –  հավելել է վարչապետը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930