ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր մասնակցել է ընթացիկ տարվա առաջին Աշխատանքի տոնավաճառին: Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:
«Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության ակտիվ ծրագրերից մեկն է: Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք մեկական տոնավաճառ Երևան քաղաքում և հանրապետության մարզերում: Այս ձևաչափը համարում եմ ամենաարադյունավետ ճանապարհներից մեկը թե աշխատանք առաջարկողի, և թե փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գործատուն և աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում»,-ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշեց նաև, որ յուրաքանչյուր տարի՝ իրականացվող ծրագրի ավարտից հետո, կատարվում է վերլուծություն. «Վերջին արդյունքների համաձայն կազմակերպված աշխատանքի տոնավաճառներում առաջարկվող աշխատատեղերի շուրջ 60 տոկոսը համալրվել է, ինչը բավական արդյունավետ ցուցանիշ է այս ձևաչափի ներքո»:
Հարցին թե, որքանով է տոնավաճառը նպաստում գործազրկության նվազմանը, նախարարը նշեց, որ կան զբաղվածության պետական բյուջեով իրականացվող ևս 12 ակտիվ ծրագրեր և տարվա կտրվածքով շուրջ 2.3 մլրդ դրամ զբաղվածության ծրագրեր են իրականացվում: «2014 թվականի տվյալները ամփոփելով, ասեմ որ զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով 11 000 անձ գտել է աշխատանք, իսկ դա նշանակում է, որ աշխատանք փնտրողների շուրջ 25 տոկոսը ապահովվել են աշխատանքով: Իհարկե, անելիքներ շատ կան այս ոլորտում, սակայն այս պահին տարվող աշխատանքները գնահատում եմ բարձր»,- իր խոսքում ընդգծեց նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող յոթ տասնյակից ավելի գործատուներ, ովքեր ներկայացնում են ավելի քան 400 թափուր աշխատատեղեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրություն