Մայիսի 3-ին ժամը 20:00-ին Opium ակումբում «Բյութիֆայդ փրոջեքթ», «Հայարդ»,«Դոգմա», «Նաիրի» ռոք խմբերը հանդես կգան միացյալ համերգով: Յուրաքանչյուր խումբ կկատարի 5-ական գործ:
Համերգի ժամանակ սպասվում են բազում էքսպերիմենտներ:
«Համերգի գաղափարը ռոք երաժշտությունը յուրովի ներկայացնելն է: Մենք փորձելու ենք հանդիսատեսին ցույց տալ ռոք երաժշտության առանձնահատկությունները»,- լրագրողների հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ Տիգրան Զալինյանը, իսկ «Դոգմա» ռոք խմբի անդամ Վարդան Գրիգորյանը հավելեց.«Սա նոր ձևաչափ է մեզ համար, հետաքրքիր է ստացվելու»:
Խմբերի բոլոր անդամները համոզված են, որ համերգը մեծ հնչեղություն է ձեռք բերելու: «SOAD-ի համերգից հետո մենք հասկացանք, որ ազգը պատրաստ է նման համերգի: Ռոքի մեջ կան էմոցիաներ, որոնք մենք կփոխանցենք անպայման»,- ասաց «Հայարդ» խմբի անդամ Անդրե Վարդանյանը:
Կարդացեք նաև
Լրագրողի այն հարցին, թե արդյոք համերգներ նախատեսվում են արտերկրում, Տիգրան Զալինյանը պատասխանեց, որ նրանք միանշանակ հանդես կգան համերգներով, եթե նման անհրաժեշտություն լինի:
Կարևորելով ռոքի նշանակությունը`«Նաիրի» խմբի անդամ Արտաշ Դարբինյանը նշեց.« Նման համերգներ պիտի շատ կազմակերպվեն», իսկ Վարդան Գրիգորյանն էլ եզրափակեց խոսքը` ասելով.« Ռոքը կյանք է.մենք բեմում շնչում ենք»:
Մարիամ ԱԴԱՄՅԱՆ