Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում էի, որ ատոմակայանն իմ երեխան է, իմ լավ ընկեր Շարմազանովը ծիծաղում էր». Բագրատյան (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 13:54

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում մի քանի դիտողություն արեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին, որը ներկայացրել էր համաձայնագիրը. «Սխալ է գալ ու ասել՝ մեզ մոտավորապես 270 մլն դոլար է պետք: Մի հատ ճշտեիք ինչքան է պետք, նոր գայիք ասեիք: Չեմ կարծում սա ճիշտ ձեւ է: Ամեն տարի բյուջեի հետ միասին մենք պետք է արտաքին եւ ներքին պարտքի առաստաղի թվերը հաստատենք, որ ԱԺ-ն իմանա ինչ շրջանակի մեջ է: Մենք չգիտենք այս տարի ինչ ենք փակելու»:

Հետո նա դիմեց Արեգ Գալստյանին. «Ո՞վ ասեց ձեզ, որ մենք պետք է էլեկտրաէներգիա արտադրենք եւ արտահանենք: Ո՞վ է որոշել, որ Հայաստանը պետք է Վրաստանին էլեկտրաէներգիա տա: Դա ի՞նչ բիզնես է ՀՀ-ի համար, այն էլ, որ ցանկացած պահի Վրաստանը կարող է դրանից հրաժարվել, մեզ էլ դա պետք չի»:

Նա ասաց, որ ատոմակայանը վերագործարկելու որոշումն ընդունելը շատ ծանր է եղել: Նա անդրադարձավ 1989-ին ատոմակայանը փակելու դրդապատճառներին եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք իր հետ միասին ստորագրեցին վերաշահագործման փաստաթղթի տակ եւ ներդրում ունեցան այդ գործում. «Բոլորս թղթի տակ ստորագրեցինք, որ եթե մի բան պատահի, բոլորս ենք պատասխանատու՝ առաջին նախագահից սկսած, որովհետեւ ատոմակայանը սրտի պես է, կարող էր չաշխատել, առաջին անգամ էր վերաշահագործվում»:

Բագրատյանը պատմեց, թե ինչպես են ատոմակայանի անվտանգության համար լուրջ միջոցառումներ ձեռնարկել, առանձին ավազան կառուցել, որ Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան այնպես չգնար, գոնե ատոմակայանը խեղդեին այդ ավազանում:

Հրանտ Բագրատյանը, ատոմակայանի վերագործարկման պատմությունը ներկայացնելուց հետո նեղսրտեց. «Երեկ, երբ ասում էի, որ ատոմակայանն իմ երեխան է, իմ լավ ընկեր Շարմազանովը ծիծաղում էր: Մեղք չունի Շարմազանովը, այն ժամանակ ինքը փոքր երեխա էր, որտեղի՞ց պիտի կարդար այն ժամանակ ինչ է եղել: Պատմության գրքերի՞ց, իսկ ի՞նչ են գրել այն ժամանակ պատմության գրքերում: Ով շատ է քծնում, ամենալավ պատմաբանն է հիմա: Իսկ մի քանի տգետ էլ այստեղ մազութի ու ցուրտ ու մութ տարիների հանձնաժողով էին ստեղծել՝ առանց հաշվելու, թե այս ի՞նչ ենք անում, ո՞ւմ հետ ենք խոսում: Ձեզանից շատերը մասնակից են եղել այդ քննարկմանը»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ 12 մլն դոլարով ատոմակայանը վերագործարկվել է, իսկ հիմա 270 մլն դոլար ներդնել միայն անվտանգության համար, տարօրինակ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930