Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղարտ» ՓԲ ընկերությունում մորթվել են բրուցելոզով հիվանդ ոչխարնե՞ր

Ապրիլ 30,2015 18:00

Ընկերությունը պատկանում է Մաքսիմ Հակոբյանի որդիներին

Սյունիքի մարզային քննչական վարչությունն առգրավել է Մաքսիմ Հակոբյանի որդիներին պատկանող Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերությունից բոլոր աշխատակիցների անձնական գործերի եւ սանիտարական գրքույկների բնօրինակները: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից` նշելով, որ ընկերության աշխատակիցների՝ բրուցելոզով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ` վարակի պատճառը պարզելու համար:

Ի դեպ, նմուշներ են վերցվել նաեւ սպանդանոցում կատարվող մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման եւ մսամթերքի մշակման ընթացքում աշխատակիցների կողմից օգտագործվող պաշտպանական միջոցներից (խալաթ, ձեռնոց, գլխարկ, ակնոց եւ այլն):

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության սպանդանոցի աշխատակիցները` ընդհանուր թվով 18 հոգի, դիմել են բժշկական կենտրոն` բուժօգնության, եւ նրանց բոլորի մոտ էլ ախտորոշվել է «Բրուցելոզ» հիվանդություն: Նրանք նախկինում այդ հիվանդության վարակակիրներ չեն եղել եւ 2014թ. ընթացքում սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման եւ մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետեւանքով են ձեռք բերել «Բրուցելոզ», որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

«Գյուղարտ» ՓԲ ընկերության հիմնադիրներն են համարվում ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ սահմանափակ պատասխանատվության ընկերությունները։ Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները Մաքսիմ Հակոբյանի որդիներն են։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2015թ. ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով` Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում:

18 անձինք ճանաչվել են որպես տուժող: Մեր տեղեկություններով` նրանք այդ վարակը ձեռք են բերել ոչխարներից. պարզվում է՝ ընկերության սպանդանոցում 2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բրուցելոզով հիվանդ ոչխարներ են մորթվել, մշակվել: Իսկ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել 2015թ. փետրվարին:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930