Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և պաշտոնական պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։
Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն թանգարան-ինստիտուտին է հանձնել փաստաթղթեր, որոնցում պատմական փաստեր են վավերագրված Ցեղասպանությունից փրկված հայերին Պետրոգրադում ցուցաբերած օգնության մասին։
«Շատ հայեր են ապաստան գտել Սանկտ Պետերբուրգում, այն ժամանակ Պետրոգրադում, առհասարակ Ռուսաստանում։ Անգամ հատուկ ընկերություն էր ստեղծվել՝ անհրաժեշտ օգնությունը համակարգելու համար»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն։
Կարդացեք նաև
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին է նվիրել «Русские и армяне в годину испытаний. 1915 год. Да хранит Господь армян.» («Ռուսներն ու հայերը փորձությունների տարում. 1915 թվական։ Աստված պահապան հայերին։») գրությամբ արծաթե հուշամեդալ, որը թողարկվել է 1916 թվականին, Պետրոգրադը Հայոց ցեղասպանության տարիներին ղեկավարած նահանգապետի կողմից։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն