Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցական ծրագրից կարծես միտումնավոր կերպով հանվել են Վահագն Դավթյանի գործերը». «Ժողովուրդ»

Ապրիլ 30,2015 11:46

Քչերին է հայտնի, որ Վահագն Դավթյանը մի անտիպ պատմական վեպ ունի, որը գրել է իր կյանքի վերջին տարիներին. «Մի անգամ գրականագետ Դավիթ Գասպարյանն ինձ ասաց՝ էդ վեպը պահի… Չհասկացա, թե ինչու այդպես ասաց, դրանից հետո մտածում եմ՝ տպել, թե ոչ»,- նշեց գրողի դուստրը՝ Հ. Դավթյանը, հավելելով, որ Վահագն Դավթյանի գրական ժառանգության ճակատագրով պետք է մեծապես հետաքրքրվեն գրողների միությունն ու գրականության ինստիտուտը։

Իսկ, ահա, Էդվարդ Միլիտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ, օրինակ, անտիպ վեպի մասին պետք է մտածեն գրողի ժառանգները, եւ ՀԳՄ-ն իրավունք չունի հատել ժառանգների իրավունքների սահմանը. «Ժառանգության տերը ժառանգն է, ՀԳՄ-ն չէ»,-շեշտեց նա։

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք ժառանգները երբեւէ մտածել են գրողի տունը թանգարանի վերածելու շուրջ, այդ հարցով դիմե՞լ են պատկան մարմիններին։ «Մեծ ուրախությամբ կհամաձայնեի այս տունը թանգարանի վերածել, սակայն չեմ կարծում, թե մեզ այդ հարցում կընդառաջեն։ Բանն այն է, որ այս տանը միայն իմ ընտանիքը չի ապրում, առաջին հարկում քույրս է ապրում՝ իր ընտանիքով, երեք երեխա ես ունեմ, երեքը՝ ինքը… Սա մի քիչ բարդ հարց է՝ ո՞ւր տանենք մեր ընտանիքներին, դա անհնարին ինչ-որ բան է»,- պատճառաբանեց նա։

Հ. Դավթյանը, լինելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, մեզ հետ զրույցում ցավով նշեց, որ դպրոցական ծրագրից կարծես միտումնավոր կերպով հանվել են Վահագն Դավթյանի գործերը։ «Դասագրքերի կազմման հարցը թողել են մեկ հոգու, նրա ճաշակի համաձայն են ընտրվում հեղինակներն ու գործերը»,- մեկնաբանեց բանաստեղծի դուստրը։

Նրա խոսքով՝ ինքը շատ անգամներ դիմել է դասագրքեր կազմողին՝ Դավիթ Գասպարյանին, սակայն վերջինս կոպիտ ձեւով անպատվել է իրեն. «Մի անգամ գրողների միությունում բարձրացրի այդ հարցը, Դավիթ Գասպարյանն ինձ անպատվեց, ես ճնշված դուրս եկա, ոչ ոք ինձ չպաշտպանեց, այնինչ քննարկմանը ներկա էին ՀԳՄ տեղակալը եւ մի շարք գրականագետներ»,- պատմեց Հ. Դավթյանը՝ հավելելով, որ Դավիթ Գասպարյանը սովորաբար ինքն իրեն արդարացնում է՝ նշելով. «Վահագն Դավթյանի մասին գիրք եմ գրել, էլ ի՞նչ եք ուզում»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930