Ապրիլի 28-ին վանաձորյան «Որդան Կարմիր» խումբը թողարկել է The Voice of Tomorrow երգի տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, իսկ տեսահոլովակը ներկայացնում է հայ երիտասարդ ստեղծագործ սերնդի վերածնունդը։ Այն նկարահանվել է Միացյալ Նահանգներում։
«Որդան Կարմիր»-ն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը աշխարհահռչակ մեծամասշտաբ SXSW 2015 (South by Southwest) փառատոնին։ Խումբն իր ելույթի ժամանակ ներկայացրել է The Voice of Tomorrowն միջազգային հանդիսատեսին։ «Երգը կոչ է ներկա և գալիք սերունդներին դեպի միասնություն, ազգային գաղափարախոսություն և հզորացում, որը մեր ձայնը լսելի և ընդունելի կդարձնի աշխարհում։ Ի վերջո, Հայաստանը և հայը միայն Եղեռնի կրողներ չեն․ հայ երիտասարդությունն ունի մեծ ներուժ դիմակայելու ցանկացած արհավիրք և ցույց տալու աշխարհին, որ այն ստեղծագործ է ու դեռ շատ բան ունի տալու մարդկությանը», ասում է Որդան Կարմիրի մեներգիչ Վահան Պողոսյանը։
«Որդան Կարմիր» խումբը կազմավորվել է 2005թ․ին Վանաձորում։ Գոյության տասը տարիների ընթացքում խումբը նվագել է հայաստանյան բազմաթիվ փառատոնների, ունեցել մենահամերգներ, համերգային շրջագայություններով եղել Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում, Վրաստանում և Ռուսաստանում։ «Որդան Կարմիր»-ը թողարկել է երկու EP, իսկ լիամետրաժ ալբոմը՝ A4ը, լույս է տեսել 2013ին։ Խումբն իր ստեղծման օրվանից կերտում է երաժշտության իր յուրօրինակ տեսակը՝ հավատալով, որ մշակույթի նման դրսևորումը հզոր գործիք է։ «Որդան Կարմիր»-ի երաժշտությունն անդրադառնում է կոռուպցիային, սոցիալական անտարբերությանը և այլ խնդիրների։
Մամլո հաղորդագրություն