Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը շարունակում է ներկայացնել իր բողոքները:
Փաստաբանը դատարանում (նախագահող դատավոր՝ Արթուր Մկրտչյան) բողոքարկում է այն, որ գործի նյութերում չկան դատարանի համապատասխան որոշման կատարումները: Օրինակ՝ դատարանը որոշում է կայացրել երեսուն օր շարունակ լսել ու ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի, ազգականներ Վիտալի Մուրադյանի, Մանվել Մանիցյանի հեռախոսազանգերը: Սակայն ձայնագրությունների հետ կապված որևէ նյութ չկա գործում: Այս առիթով Հայկ Ալումյանն ասաց. «Այդ խոսակցությունները, անկասկած, ձայնագրվել են, սակայն դրանք քրեական գործի նյութերից հետո վերացվել են: Այս խոսակցությունները լսելու նպատակն է, որ դեպքի վերաբերյալ այս մարդկանց խոսակցությունների բովանդակությունից դեպքի հետ կապված նյութեր ֆիքսվեն: Պնդում ենք, որ սրանք լսելուց ու ձայնագրելուց հետո այդտեղ այնպիսի նյութեր են ի հայտ եկել, որոնք խոչընդոտում են այս գործը կոծկելուն, ուստի հանվել են»:
Դատախազ Կարեն Հարությունյանը հակադարձեց. «Պարոն Ալումյանը կրկին ենթադրությունների դաշտ է մտնում, երբ ասում է, թե կատարվել են գաղտնալսումներ, բայց բացակայում են գործից: ԱԱԾ-ն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չի կատարել որոշումը: Քննիչն այդ մասին նաև տեղեկանք է ներկայացրել, որ դատարանի որոշումը չի կատարվել»:
Պարոն Ալումյանը նկատեց, թե քննիչը տեղեկանքը ներկայացվել է հուլիսին, այնինչ դատարանի որոշման համաձայն որոշումը պետք է անհապաղ կատարվեր հունիսի 15-ից սկսած, ուստի հենց այդ ժամանակ էլ պիտի տեխնիկական խնդիրներն ի հայտ գային, որոնց մասին որևէ հաղորդում չի ներկայացրել ԱԱԾ-ն, իսկ քննիչի «խզբզոցն» էլ կեղծ փաստաթուղթ է:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը կարծում է, թե այս հնչեղ գործում չէին կարող բոլորը պատահականություններ լինեին, որ գործի նյութերից վերանային դեպքի վայրի զննության տեսագրությունները, մի դեպքում տասը թերթ հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, մյուս դեպքում երկու թերթ հեռախոսային վերծանումներ:
Դատախազը, ինքն էլ ենթադրություն անելով, նշեց. «Այդ ի՞նչ պետք է խոսեին, որ լույս սփռեր գործի վրա»: Պարոն Ալումյանն արձագանքեց. «Օրինակ՝ կարող էր խոսակցություն լիներ այն մասին, թե ոնց Սուրիկ Խաչատրյանը կրակեց Ավետիք Բուդաղյանի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ